«Հրապարակ». Մեր լուրերը խոսնակը հաստատեց
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանն անսպասելիորեն անդրադարձավ մոտ 10 օր առաջվա իրադարձություններին՝ հաստատելով մեր հրապարակած լուրերը։
«Ի պատասխան լրատվամիջոցների հարցերին՝ տեղեկացնում եմ, որ ԼՂՀ երկրորդ և երրորդ նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը հոկտեմբերի 20-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած հանդիպման ժամանակ տեղեկացրել են, որ ՀՀ առաջին և երկրորդ նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանը և Ռոբերտ Քոչարյանը ցանկանում են մեկնել Մոսկվա՝ ռուսական էլիտայի ներկայացուցիչների հետ ԼՂ շուրջ ստեղծված իրավիճակը քննարկելու և քննարկումների արդյունքում Հայաստանի կառավարությանը ստեղծված իրավիճակից կոնկրետ լուծումներ առաջարկելու համար: ԼՂՀ պաշտոնաթող նախագահներն առաջարկել են, որ հնարավոր այցի արդյունքները քննարկվեն Հայաստանի և ԼՂՀ նախկին և ներկա ղեկավարների հանդիպման ժամանակ:
Վարչապետ Փաշինյանը, ընդգծելով, որ չի կարող խոչընդոտ հանդիսանալ ի նպաստ Հայաստանի և Արցախի հնարավոր որևէ քայլի, համաձայնել է առաջարկությանը: Մեր տեղեկություններով, պաշտոնաթող նախագահները դեռևս Հայաստանից չեն մեկնել: Ամեն դեպքում, վարչապետը և կառավարությունը բաց են ստեղծված իրավիճակի հանգուցալուծման առաջարկների համար և երբեք չեն հրաժարվել նման առաջարկների քննարկումից»,- գրել է նա:
Հիշեցնենք. մենք գրել էինք, որ սկզբում Փաշինյանը որոշակի նախապայմաններ է առաջ քաշել էքս-նախագահների առաջ, մեկն այն է, որ Քոչարյանը պետք է հանդիպի ոչ թե Պուտինի, այլ՝ ՌԴ նախկին վարչապետ Մեդվեդևի հետ։ Ընթացքում Լևոն Տեր-Պետրոսյանն ինքնակամ որոշել է հետ քաշվել՝ առաջարկելով, որ Քոչարյանը միայնակ մեկնի Մոսկվա, սակայն Քոչարյանն էլ «ոտքը կախ է գցել», որովհետև Մեդվեդևին հանդիպելու իմաստը չի տեսնում և որևէ լիազորություն էլ չունի ՀՀ-ի անունից բանակցելու»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում