Արցախի ԱԳՆ. Արցախի Հանրապետության փաստացի անկախության միջազգային ճանաչումը համաշխարհային հանրության հասունացած միջոց է
Արցախի Հանրապետության ԱԳ նախարարությունը խստագույնս և վճռականորեն դատապարտում է 2020թ. սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված զինված ագրեսիայի ընթացքում միջազգային իրավունքով արգելված՝ պատերազմի վարման մեթոդների և միջոցների շարունակական կիրառումը Ադրբեջանի կողմից:
«Մասնավորապես՝ Ադրբեջանի զինված ուժերը կասետային արկերից բացի սկսել են նաև ֆոսֆոր պարունակող հրկիզող զինամթերք օգտագործել Արցախի Հանրապետության բնակավայրերի մերձակայքում գտնվող անտառապատ տեղանքներում, որտեղ հարակից գյուղերի խաղաղ բնակչության մի մասը ժամանակավորապես պատսպարվում է ադրբեջանական դիվերսիոն խմբերի գործողություններից:
Պաշտոնական Բաքուն, հակառակ իր հայտարարություններին, թե իբր Ադրբեջանի զինված ուժերի թիրախը միայն ռազմական օբյեկտներն են, իրականում դիմում է Արցախի քաղաքացիական բնակչության դեմ ահաբեկման մարտավարությանը: Նախևառաջ՝ այս համատեքստում անհրաժեշտ է դիտարկել Ադրբեջանի կողմից մարդասիրական հրադադարի պահպանման հետևողական մերժումը, քանի որ ռազմական գործողությունները չդադարեցնելը Բաքվի իշխանություններին թույլ է տալիս շարունակել Արցախի խաղաղ բնակչության ահաբեկումը:
Հենց այդ նպատակներով է, որ ադրբեջանական կողմը դիմում է արգելված զենքի օգտագործմանը, խաղաղ բնակիչների և քաղաքացիական օբյեկտների, այդ թվում՝ բժշկական հաստատությունների վրա կանխամտածված հարձակումների իրագործմանը՝ իր առջև որպես հիմնական խնդիր դնելով Արցախի ողջ բնակչության բնաջնջումն ու բռնի տեղահանումը:
Նման պայմաններում, որպես ամբողջ ժողովրդի կոլեկտիվ և անհատական իրավունքների զանգվածային ոտնահարումները կանխելու և նրան ֆիզիկական ոչնչացումից պաշտպանելու արդյունավետ միջոց՝ միջազգային հանրությունը ձևավորել է այդ ժողովուրդների՝ հանուն փրկության անջատվելու և որպես անկախ պետություն միջազգային հարաբերությունների մեջ մտնելու իրավունքը ճանաչելու պրակտիկա:
30 տարի առաջ Արցախի ժողովուրդն ընտրել է անկախության ուղին՝ որպես հայ բնակչության բնաջնջման Ադրբեջանի նպատակաուղղված քաղաքականությունից պաշտպանվելու միջոց:
Համոզված ենք, որ Բաքվի իշխանությունների կողմից իրենց հանցավոր ծրագիրն ավարտին հասցնելու շարունակական փորձերի պայմաններում Արցախի Հանրապետության փաստացի անկախության միջազգային ճանաչումը համաշխարհային հանրության արդիական և հասունացած միջոց է` իրականացնելու մարդկության դեմ հանցագործությունները կանխելու համընդհանուր ընդունված պարտավորությունները»,-ասված է Արցախի ԱԳ նախարարության տարածած հայտարարության մեջ։
Հարակից հրապարակումներ`
- Արցախի ԱԳՆ-ն դիմել է ԿԽՄԿ-ին
- Ագրեսիան շարունակելու Ադրբեջանի ստեղծած արատավոր շրջանը կարող է ճեղքվել Արցախի անկախության ճանաչմամբ . Արցախի ԱԳՆ
- Արցախի ԱԳՆ-ն՝ մարդասիրական հրադադարի մասին
- Անհրաժեշտ է, որ միջազգային հանրությունը խոսքից անցնի գործուն քայլերի. Արցախի ԱԳՆ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան