Արցախի ՄԻՊ-ը բելգիացի պատգամավորին է ներկայացրել հայ ռազմագերիների նկատմամբ Ադրբեջանի անմարդկային վերաբերմունքի դեպքերը
Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը Բելգիայի Դաշնային խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի պատգամավոր Ժորժ Դալմանի հետ հանդիպմանը ներկայացրել է ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար իրավիճակը:
ՄԻՊ գրասենյակից հայտնում են, որ Արտակ Բեգլարյանը մանրամասն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Արցախի քաղաքացիական բնակավայրերի և օբյեկտների դիտավորյալ և չտարբերակված թիրախավորման հետևանքներին, ինչպես նաև հայ ռազմագերիների և զոհված զինծառայողների մարմինների նկատմամբ Ադրբեջանի անմարդկային վերաբերմունքի դրսևորման դեպքերին, որոնք ամփոփված են Պաշտպանի կողմից հրապարակված զեկույցներում:
Մարդու իրավունքների պաշտպանը նշել է, որ չնայած տեղում զգալի աշխատանք է տարվում հումանիտար աղետի վերաբերյալ փաստերի հավաքագրման ուղղությամբ, այնուամենայնիվ, շատ կարևոր է միջազգային գործընկերների, խորհրդարանական կառույցների և իրավապաշտպան կազմակերպությունների ներկայությունը տեղում փաստահավաք առաքելություն իրականացնելու համար:
Հարակից հրապարակումներ`
- Արցախի ՄԻՊ. Չորս ռազմագերի սպանվել է
- Արցախի ՄԻՊ-ը պատրաստել է հայ ռազմագերիների հանդեպ անմարդկային վերաբերմունքի դեպքերը ներկայացնող երկրորդ զեկույցը
- Ադրբեջանի կողմից դիերի և ռազմագերիների հանդեպ անմարդկային վերաբերմունքի, գլխատման դեպքեր կան. Բեգլարյան