Մենք ունենք COVID-19-ի հետևանք, որին գումարվել է այսօրվա իրավիճակը. Մհեր Գիրգորյան
«Մենք ունենք COVID-19-ի հետևանք, որին գումարվել է այսօրվա իրավիճակը։ Բնականաբար, վստահ եմ, որ կապահովենք անհրաժեշտ կայունություն և կունենանք մի ֆինանսական բալանս, որը հնարավորություն կտա շարունակել կայունությունը, ներդրումների անհրաժեշտ հոսք ապահովել, իրականացնել ծախսերն այնպիսի արդյունավետությամբ, որ հասնենք մեր նպատակներին և հաղթահարենք ընթացիկ մարտահրավերները»,- ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հայտարարեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը «ՀՀ 2021 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ:
Նրա խոսքով, պետության թիվ մեկ լուծելիք խնդիրն արդյունավետությունն է, որովհետև բոլոր ռազմավարություններին և քաղաքականությանը համահունչ ծախսերի տրամաբանությունը համատեղ աշխատանքի արդյունքում հնարավոր է եղել ապահովել:
Փոխվարչապետն ասաց, որ կառավարության ծրագրի կենսագործման հիմնական ճանապարհը ռազմավարական փաստաթղթերի ձևավորումն է, դրանից բխող միջոցառումների մշակումն ու իրականացումը, երկրի երկարաժամկետ զարգացման և ոլորտային ռազմավարությունների վերանայման աշխատանքները:
Մհեր Գրիգորյանը շեշտեց, որ մակրոտնտեսական կայունության ապահովումը լրջագույն և կարևորագույն երաշխիք է ներդորումների ներգրավման և տնտեսական աճի պոտենցիալի ձևավորման համար։