Բացառված է, որ արցախցի մեր հայրենակիցը գիշերի դրսում. Զարուհի Բաթոյան
«Չեմ կարող մեկնաբանել այդ հայտարարությունը, քանի որ այս պահին դեռ տեղեկություններ չունեմ»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը՝ անդրադառնալով ՄԻՊ Արման Թաթոյանի հայտարարությանը, թե սոցնախարարությունը բաց չէ՝ աշխատանքների համար։
Դիտարկմանը՝ ՀՀ օմբուդսմենը բառացի ասել է, որ նախարարից պահանջում է գիտակցել սեփական պարտավորությունները ՄԻՊ-ի նկատմամբ, ինչպես նաև սեփական կարգավիճակի լրջությունը հասկանալ, և բացառել անպատասխանատու վերաբերմունքը, Զարուհի Բաթոյանն արձագանքեց՝ այս հարցը պետք է ՄԻՊ-ին ուղղել, ես չեմ կարող մեկնաբանել.
«Չգիտեմ՝ ինչու է պարոն Թաթոյանը նման հայտարարություն արել։ Մենք համագործակցել ենք ՄԻՊ-ի հետ։ Աշխատել ենք այնպես, ինչպես բոլոր պետական մարմինները, և ավելի սերտ, քան մյուսները, քանի որ քաղաքացիների իրավունքների պաշտպանության տեսանկյունից շատ ավելի ընդհանուր եզրեր ունենք...։ Եվ այնքան սերտ ենք համագործակցում, որ մշտական հեռախոսազրույցների մեջ ենք, նամակագրություն կա, ոչ պաշտոնական քննարկումներ։ Այնպես որ ես չեմ կարող մեկնաբանել ՄԻՊ-ի՝ այդ հրապարակումը։ Իմ կարծիքով, նրա հայտարարությունը իրականությանը չի համապատասխանում»։
Հարց. Իսկ դուք դիմելո՞ւ եք պատասխան քայլերի։
Զ. Բաթոյան. Չեմ կարող պատասխանել։
Հարց. Արցախից եկած բազմաթիվ ընտանիքներ կան, ի՞նչ է անում սոցապ նախարարությունը, հատկապես, որ բազմաթիվ քննադատություններ են հնչում, որ շատերի խնդիրները մնում են չլուծված։
Զ. Բաթոյան. Այն հայտարարությունները, թե 114 թեժ գիծը չի պատասխանում, չեն համապատասխանում իրականությանը։ Այն հայտարարությունները, թե մարդիկ դրսում են, ևս իրականությանը չեն համապատասխանում։ Երեկ անձամբ մի քանի հայտարարությունների հետքերով գնացել եմ, փորձել եմ հեռախոսահամարներ գտնել ու պարզել։ Արդյունքում, պարզ է դարձել, որ մարդիկ ունեն կացարան, բայց ավելի լավ տարբերակ են ուզում ունենալ։
Ցավոք, մեր հնարավորությունները սահմանափակ են՝ բոլորին իրենց կարիքներին ու ցանկություններին համապատասխան կացարաններ տրամադրելու համար։ Մենք առաջին հերթին պետք է լուծենք քաղաքացիների տանիք ունենալու, սննդի և հագուստի հարցը։ Այս հարցը մենք լուծում ենք։ Այս պահին մենք տեղի ու կացարանի խնդիր չունենք։ Բացառված է, որ արցախցի մեր հայրենակիցը գիշերի դրսում։ Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ՝ մենք կացարաններով ապահովման խնդիր այս պահին չունենք։
Հարց. Քանի՞ ընտանիքի է արդեն կացարան տրամադրվել։
Զ. Բաթոյան. Չեմ կարող ամփոփել, քանի որ այդ տեղեկատվությունը շարունակվում է հավաքագրվել, և անվտանգության տեսանկյունից հրապարակման ենթակա չէ։
Հարակից հրապարակումներ`
- Զարուհի Բաթոյան. Ոչ մի արցախցի դրսում չի մնա
- Զարուհի Բաթոյան. Խնդրում եմ ինձ բարեգործություն անելու դասեր տալուց առաջ մտածել, թե ի՞նչ պետք է աներ լեգիտիմ կառավարության անդամը
- Աշխատանքի և սոց.հարցերի նախարարությունում զարմացած են Արման Թաթոյանի գրառմամբ
- Պետական կառույցների կողմից տրամադրվող կացարանների մեծ մասը դեռևս ազատ է. Բաթոյան