2021-ի բյուջեով պարգևավճաների համար 18 միլիարդ 825 միլիոն դրամ է նախատեսված. պատգամավոր
«2021 թվականի պետական բյուջեով պարգևատրումների համար նախատեսված է 18 միլիարդ 825 միլիոն դրամ՝ չհաշված քաղծառայողների համար նախատեսվածը, իսկ այս ցուցանիշը 21 և ավելի տոկոսով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը»,- այսօր խորհրդարանում 2021 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» պատգամավոր Արկադի Խաչատրյանը։
Դիմելով բյուջեի նախագիծը ներկայացնողին՝ ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանին, պատգամավորը նշեց. «Այս նոր իրողություններով պայմանավորված՝ կառավարությունն արդյո՞ք մտադիր է վերանայել սա, թե՞ այս թիվը նույնությամբ մնալու է»։
Պատասխանելով հարցին՝ ֆինանսների նախարարն ասաց, որ կառավարությունը բազմիցս առիթ ունեցել է այդ հարցին անդրադառնալու.
«Անվանումը, դժվար է ասել, որ արտահայտում է բովանդակությունը, որովհետև մենք, ըստ էության, այս լուծումը ներկայացրել ենք՝ որպես միջանկյալ այնքան ժամանակ, քանի դեռ պետական կառավարման համակարգի բարեփոխումը չի հասել իր տրամաբանական ավարտին,և չի գտնվել լուծումը ծանրաբեռնվածության բաշխման և աշխատանքի վարձատրության համարժեք համակարգի, իսկ մինչ այդ սա ժամանակավոր լուծում է»։
Արձագանքելով՝ Արկադի Խաչատրյանը նշեց, որ փաստորեն պարգևավճարների մասով փոփոխություն չի կարելի ակնկալել, և նշված թիվը փոփոխման ենթակա չէ։
Ատոմ Ջանջուղազյանն էլ, ի պատասխան ասաց․ «Համենայնդեպս, ներկայացված նախագիծն այնպիսին է, ինչպիսին կա, և որևէ ուղղությամբ որևէ փոփոխության մասին խոսքը, կարծում եմ, ժամանակավրեպ է»։
Հարակից հրապարակումներ`
- Հնարավոր չէ, որ պետական պարտքի շեմի փոփոխություն տեղի չունենա. փոխվարչապետ
- 2020 թ-ի համար կանխատեսվում է տնտեսական աճի բացասական 6% մեծություն. Ջանջուղազյան
- ԱԺ-ն սկսեց 2021 թ պետական բյուջեի քննարկումը