Հնարավոր չէ, որ պետական պարտքի շեմի փոփոխություն տեղի չունենա. փոխվարչապետ
«Ռազմական դրությունն իհարկե բյուջետային մուտքերի վրա ազդեցություն ունեցավ և կունենա։ Ըստ այդմ, մենք պետք է մտածենք պարտքի շեմի մասին։ Բայց կարծում եմ, որ կգտնենք այն հաշվեկշիռը, որը հնարավորություն կտա այս իրավիճակից դուրս գալ, մարտահրավերից բխող ռիսկերը կառավարել և ունենալ կայուն սոցիալ-տնտեսական իրավիճակ»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ անդրադառնալով տնտեսության վրա պատերազմի ազդեցությանը։
Հարցին, թե 2021 թվականի պետական պարտքի ցուցանիշները որքան են բարձրանալու, փոխվարչապետը պատասխանեց՝ կարևոր չէ՝ պարտքի շեմն ինչքան է, կարևոր է, թե այդ պարտքով ներգրավված միջոցները ծախսման ինչ արդյունավետություն ունեն և ինչ նպատակ։
«Այո, իհարկե, պարտք վերցնելն ինքնանպատակ չէ, որևէ մեկը չի պատրաստվում պարտք վերցնել, որպեսզի ենթադրենք իրականացնի ծախսեր, որոնք պայմանավորված չեն իրավիճակով։ Ես կարծում եմ՝ այստեղ պետք է ավելի շատ հետևել ֆինանսների նախարարության փորձագետների կողմից ներկայացվող վերլուծություններին, թե ինչպես է այդ պարտքով վերցված գումարը ծախսվելու, և այդ ծախսման արժեքներով մենք ինչ հավելյալ արդյունքներ ենք գեներացնելու, որոնք հնարավորություն կտան այդ պարտքը բնականոն սպասարկել և ի վերջո մարել։ Այո, կարծում եմ՝ հնարավոր չէ, որ պետական պարտքի շեմի փոփոխություն տեղի չունենա, բայց վստահ եմ, որ դրա արդյունքում կդնենք ծախսման այնպիսի մեխանիզմներ, որոնց մի մասը կերաշխավորի, որ ծախսերի մի մասը կնպաստի գեներացմանը»,- շեշտեց փոխվարչապետը։
Դիտարկմանը, թե արդյո՞ք կորոնավիրուսային հիվանդության նոր դեպքերի թիվը չի բերի նոր «լոքդաունի», Մհեր Գրիգորյանն արձագանքեց՝ չի կարծում, որ այս պահի դրությամբ նման օրակարգ կունենան.
«Ամեն դեպքում, ես կոչ եմ անում քաղաքացիներին՝ կանխարգելիչ բոլոր միջոցառումները ինքնակամ պահպանել։ Դա ամենաարդյունավետ լուծումն է այս պահին»։
Անդրադառնալով հարցին, թե արդյո՞ք շրջանառության անկման հետ կապված հարկերի վճարման խնդիր չի առաջացել, Մհեր Գրիգորյանը նշեց՝ համաձայն չէ, որ հարկերը չեն վճարվում։ Նրա խոսքով, թեև շրջանառությունները որոշակիորեն նվազել են, հարկային մուտքերն էլ կանխատեսվածից ցածր մակարդակ ունեն, պակասուրդ կլինի, բայց կան կոմպենսացիոն մեխանիզմներ, որոնք պետք է կիրառվեն.
«Ինչ վերավերում է COVID-19-ի հետևանքներին, կարծում եմ, որ մենք, այնուամենայնիվ, իրականացնելով 24 միջոցառում, որքան էլ որ քննադատված դրանք եղան, որոշակի իմաստով շատ լուրջ դերակատարում ունեցանք՝ որոշակի չափով վերականգնելու խնդիրները։ Այստեղ պետք է հաշվի առնել, որ ծախսերը պետք է իրականացնել ոչ թե շատ, այլ արդյունավետ»,- նշեց Մհեր Գրիգորյանը։
Հարցին, թե ինչու պատերազմի մեկնարկից մեկ ամիս անց որոշվեց նամակով դիմել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, ինչո՞ւ հենց հղում կատարվեց 1997 թվականի համաձայնագրին, և ի՞նչ գնահատական կարելի է տալ Մոսկվայից եկած պատասխանին, Մհեր Գրիգորյանը պատասխանեց՝ կարծում եմ ֆունդամենտալ համաձայնագիրը հենց 1997 թվականինն է, որին և հղում է արվել։
«Իսկ թե ինչու մեկ ամիս անց, ապա այն բխել է ռազմական իրավիճակից։ Կարծում եմ, որ ինչ-որ պահ է եկել, երբ կուտակումները վկայել են այն մասին, որ կարելի է այսինչ պահից դիմել։ Երևի կար իրավիճակ, որը համարվեց վտանգ կամ սպառնալիք՝ այդ թվում նաև Հայաստանի սահմանների համար։ Վստահ եմ, որ սա վերլուծվել է, և իհարկե, զինվորականների վերլուծություններն այս իմաստով մեծ նշանակություն ունեն»,- ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- 2020 թ-ի համար կանխատեսվում է տնտեսական աճի բացասական 6% մեծություն. Ջանջուղազյան
- ԱԺ-ն սկսեց 2021 թ պետական բյուջեի քննարկումը