Թույլ կտա՞ք՝ ես իմ անձնական եկամուտները տնօրինեմ այնպես, ինչպես նպատակահարմար եմ գտնում. Ջանջուղազյան
«Առայժմ օրակարգում որևէ վերանայման հարց չունենք, բայց ի՞նչը կվերանայվի, կամ արդյո՞ք կփոխվի քաղաքականությունը, չգիտենք։ Ծախսը միայն փող ու թիվ չի, դրա տակ ընկած է որևէ ոլորտի քաղաքականություն»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք չի վերանայվելու 2021 թվականի պետական բյուջեի պարգևատրման ֆոնդը։
Հիշեցնենք, որ առաջիկա տարվա բյուջեում նախատեսվում է 18 մլրդ 825 մլն դրամ հատկացնել պարգևատրումներին։
Դիտարկմանը, թե արդյո՞ք չէր կարելի այս պատերազմական վիճակում պարգևատրումների համար նախատեսված գումարը փոխանցել հիմնադրամին, Արտոմ Ջանջուղազյանն արձագանքեց՝ դա ավելի հնչածն ավելի շատ նախընտրական ելույթ է, քան թե հարց։
«Ես չեմ ասել, որ պարգևատրումների քաղաքականությունը պետք է վերանայվի։ Առայժմ 2021 թվականի համար բյուջեով նախատեսված միջոցների վերանայման հարցը չի քննարկվում։ Քանի որ դա նշանակում է փոխել քաղաքականությունը, իսկ կոնկրետ պարգևավճարները միջանկյալ լուծումներ են, որոնցով փորձ է արվում մեղմել այն իրավիճակը, որն առկա է պետական կառավարման համակարգում։ Իսկ պետական կառավարման համակարգում հարցի վերջնական լուծումը ենթադրում է ծանրաբեռնվածության հավասարաչափ բաշխում և աշխատանքի դիմաց համաչափ վարձատրություն։ Քանի դեռ դա չկա, մենք ունենք լուրջ խնդիր»,- ներկայացրեց նախարարը։
Հարցին՝ բոլո՞ր նախարարներն են սեպտեմբերի համար պարգևավճարներ ստացել, Ատոմ Ջանջուղազյանը պատասխանեց՝ բոլորի համար չի կարող պատասխանել.
«Ես իրավունք ունեմ իմ անձնական տվյալները հրապարակել այն ժամանակ, երբ դա նախատեսված է օրենքով։ Իմ պարտավորությունը իմ եկամուտների վերաբերյալ տեղեկություն հրապարակելն է, և երբ հայտարարագրի ներկայացման ժամանակը գա, ես դա կանեմ։ Թույլ կտա՞ք՝ ես իմ անձնական եկամուտներն այնպես տնօրինեմ, ինչպես նպատակահարմար եմ գտնում»։
Հարակից հրապարակումներ`
- Արման Ղուկասյանը՝ պաշտոնյաներին. Հրաժարվել 2021 թվականի բոլոր պարգևավճարներից
- 2021-ի բյուջեով պարգևավճաների համար 18 միլիարդ 825 միլիոն դրամ է նախատեսված. պատգամավոր