Մասիս Մայիլյան. Ստեղծված իրավիճակից ամենաօպտիմալ և արդյունավետ ելքը Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումն է
Արցախի ԱԳ նախարար Մասիսի Մայիլյանն այսօր հանդիպել է «Մեկ ազատ աշխարհ» (“One Free World”) միջազգային իրավապաշտպան կազմակերպության ղեկավար Մաջեդ Էլ Շաֆիի և Իսլանդիայի խորհրդարանի անդամ, Կենտրոնական կուսակցության անդամ Բիրգիր Թորարինսոնի հետ:
Ֆեյսբուքյան իր էջում Արցախի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը մանրամասնել է, որ հանդիպման ընթացքում հյուրերին ներկայացրել է Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի զինված ագրեսիայի արդյունքում ստեղծված իրավիճակը՝ նշելով, որ Արցախի դեմ ագրեսիան շարունակվում է սեպտեմբերի 27-ից Թուրքիայի և նրա կողմից Մերձավոր Արևելքից հակամարտության գոտի տեղափոխված միջազգային ահաբեկիչների անմիջական մասնակցությամբ:
«Ընդգծել եմ, որ ներկայիս զինված հարձակումը վերջին 30 տարիների ընթացքում Արցախի Հանրապետության դեմ թվով երրորդ ագրեսիայի ակտն է, որը Արցախի խաղաղ բնակչության բնաջնջմանն ուղղված Ադրբեջանի պետական քաղաքականության մի մասն է կազմում: Ընդգծել եմ նաև, որ Ադրբեջանի զինված ուժերը դիմում են պատերազմի վարման արգելված մեթոդների և միջոցների. նրանք դիտավորյալ սպանում են ռազմագերիներին և գերեվարված քաղաքացիական բնակիչներին, կիրառում են արգելված զինատեսակներ, այդ թվում՝ կասետային և ֆոսֆորային զինամթերք, և կանխամտածված հարձակում են գործում Արցախի խաղաղ բնակիչների և քաղաքացիական օբյեկտների վրա:
Իմ խոսքում նաև նշել եմ, որ 1991-1994թթ. և 2016թ. ապրիլին Արցախի դեմ Ադրբեջանի զինված ագրեսիայի ընթացքում ադրբեջանական զինված ուժերը նույնպես դիմել են պատերազմի վարման նման մեթոդների: Ադրբեջանական զինված ուժերի կողմից կատարված հանցագործությունների անպատժելիությունը հանգեցրել է դրանց ծավալների և դաժանության աստիճանի աճին, քանի որ ադրբեջանական կողմի մոտ այն համոզմունքն է առաջացրել, որ նրան հետագայում ևս կհաջողվի խուսափել իրագործված բռնության ակտերի համար պատասխանատվությունից:
Կարևոր եմ համարել շեշտել, որ վերջին երեք տասնամյակների ընթացքում Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի կոլեկտիվ և անհատական իրավունքների համակարգված և լայնամասշտաբ խախտումները և ռազմական հանցագործությունները ոչ այլ ինչ են, քան Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ իրագործված մարդկության դեմ հանցագործություն:
Այս կապակցությամբ, ընդգծել եմ, որ ստեղծված իրավիճակից ամենաօպտիմալ և արդյունավետ ելքը Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումն է, ինչը՝ Ադրբեջանի և նրա ռազմաքաղաքական ղեկավարության դեմ կոլեկտիվ և անհատական պատժամիջոցների հետ զուգորդմամբ, կցուցադրի միջազգային հանրության վճռականությունը՝ թույլ չտալու մարդկության դեմ հանցագործությունների իրագործումը»,-գրել է Մասիսի Մայիլյանը։
Հարակից հրապարակումներ`
- Լոս Անջելեսում հազարավոր հայեր դուրս են եկել փողոց՝ Արցախի անկախության ճանաչման պահանջով
- Արցախի ԱԳՆ. Արցախի Հանրապետության փաստացի անկախության միջազգային ճանաչումը համաշխարհային հանրության հասունացած միջոց է
- Կոչ ենք անում ճանաչել Արցախի անկախությունը և նրա ինքնորոշման իրավունքը. Հենրիխ Մխիթարյան
- Շվեդահայերը ավտոերթ են կազմակերպել Ստոկհոլմում՝ պահանջելով ճանաչել Արցախի անկախությունը
- Ճանաչե՛ք Արցախի անկախությունը. Նիկոլ Փաշինյան
- Իտալիայի Չերքիարա դի Կալաբրիա քաղաքը ճանաչել է Արցախի անկախությունը
- ԱՄՆ Գլենդել քաղաքը ճանաչել է Արցախի անկախությունը
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա