ԱԺ-ն սկսեց 2021 թ պետական բյուջեի քննարկումը
Այսօր ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում սկսվեց «Հայաստանի Հանրապետության 2021թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումները: Նիստը վարող Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արկադի Խաչատրյանն առաջարկեց մեկ րոպե լռությամբ հարգել ռազմաճակատում զոհվածների հիշատակը:
Դրանից հետո սկսվեց քննարկումը։
«Բյուջեն պետք է արտացոլի կառավարության ծրագրերում ամրագրված նպատակներին հասնելու հնարավոր ուղղությունները, ոլորտային քաղաքականությունների շեշտադրումները, ինչպես նաև ներկա իրավիճակով պայմանավորված մարտահրավերները»,- հայտնեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և նկատեց, որ կան նոր իրողություններ և անելիքներ, որպեսզի բյուջեի բալանսում տեղ գտնի ստեղծված իրավիճակը:
Նշենք, որ հանձնաժողովում քննարկվում է օրենքի նախագծի մշակման սկզբունքները և նախագծի հիմքում դրված հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները (գնաճի սցենարը, բյուջեի դեֆիցիտը և նրա ծածկույթը, արտաքին և ներքին պարտքը), եկամուտների ձևավորում (հարկային և մաքսային քաղաքականությունը), բյուջեի ծախսերի կառուցվածքը և ծախսային քաղաքականությունը (սոցիալական հարցերի լուծումը բյուջեում և դոտացիաներ համայնքներին), բյուջեի կատարման համար անհրաժեշտ օրենսդրական ապահովումը:
«Հայաստանի Հանրապետության 2021թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծում նախատեսված եկամուտների և ծախսերի մասով ելույթ ունեցավ Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:
Նիստում քննարկվելու է նաև օրենքի նախագծի վերաբերյալ ՀՀ կենտրոնական բանկի եզրակացությունը, ինչպես նաև Կենտրոնական բանկի 2021թ. վարչական ծախսերի և կապիտալ ներդրումների նախագիծը: