Կառավարությունն ունի՞ ռազմավարութուն վատագույն կանխատեսումների համար. Անի Սամսոնյան
«Աշխարհում համավարակ է, մենք պատերազմի մեջ ենք, դուք ասում եք, որ անորոշությունները մեծ են և, որքան հասկացա, 2021 թվականի բյուջեն կազմվել է լավագույն ցուցանիշներով՝ թե տնտեսական աճի, թե ՀՆԱ-ի մասով»,- ԱԺ հանձնաժողովների համատեղ քննարկումների ժամանակ Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանին դիմեց պատգամավոր Անի Սամսոնյանը և հետաքրքրվեց, թե կառավարությունն արդյոք ունի՞ ռազմավարություն վատագույն զարգացումների համար:
Ատոմ Ջանջուղազյանը նկատեց, որ եթե խոսքը գնում է նոր ցնցման մասին, որը ոչ մեկը չգիտի, ապա դրա հետ կապված շատ դժվար է այսօր բանաձև առաջարկել:
Նրա խոսքով, նման իրավիճակ ստեղծվելու դեպքում պետք է այս տարի կիրառած մոտեցումը օգտագործվի նաև 2021 թվականին՝ կառավարությունը ներկայացնի բյուջեի փոփոխության նոր նախագիծ և ԱԺ-ի հետ համատեղ քննարկեն ու որոշումների գան:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը նկատեց, որ կառավարությանն արդեն տրվել է պետական բյուջեն վերաբաշխելու բացառիկ լիազորություն, հետևաբար քննարկման կարիք չկա:
Ատոմ Ջանջուղազյանը չհամաձայնեց պատգամավորի հետ՝ նկատելով, որ ԱԺ-ն կառավարությանը նման բացառիկ իրավասություն է տվել միայն համավարակով պայմանավորված ծախսերի հետ կապված՝ գերազանցել բնականոն իրավիճակում նախանշված չափը:
«Եթե բնականոն ճանապարհով նախատեսված է գերազանցել 3 տոկոսի չափով ծախսերի վերաբաշխումը, ապա այս դեպքում համավարակի և երկրորդ դեպքում արդեն հոկտեմբերին ընդունված ռազմական գործողությունների հանգամանքներով պայմանավորված, կառավարությանը վերապահվել է այդ տոկոսը գերազանցող վերաբաշխում իրականացնել»,- նկատեց Ֆինանսների նախարարը և շեշտեց, որ ԱԺ-ն էլ կարող է բյուջեի վերաբաշխման առաջարկով հանդես գալ: