Հերթափոխ կազմակերպելու արդյունքում կարող ենք կորցնել և հերթափոխվողներին, և հերթափոխողներին. ՊՆ ներկայացուցիչ
«Այս պահին էլ մարտական գործողությունները շարունակվում են, այնքան սաստիկ չեն, որքան պատերազմի առաջին փուլում էին, բայց առանձին տեղային մարտեր կան, որոնք ոչ պակաս ուժգնություն ունեն»,- «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսում ասաց ՀՀ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
Նա նշեց, որ մասնավորապես Մարտունի և Մարտունիից հարավ, Հադրութից հյուսիս առանձին ռազմաճակատային բնագծում են ընթանում մարտերը, առանձին օջախային մարտեր են կատարվում նաև անտառային զանգվածի գյուղերում, Արաքսից հյուսիս ընկնող հարթավայրային ուղղությամբ մինչ Բերձոր:
Թշնամու կողմից ֆոսֆորային զինատեսակ կիրառելու հետ կապված հարցերին ի պատասխան ՊՆ ներկայացուցիչն ասաց, որ կիրառվել է տարբեր ուղղություններով, կիրառման ծավալներն այնքան մեծ չեն եղել, որպեսզի վնասը հատկապես էկոլոգիական և այլ բնույթի հստակ չափելի գնահատականներ ունենա, ենթադրում է, որ կարող է շարունակվել կիրառվել:
«Բացարձակ պաշտպանություն չի կարող լինել, որովհետև ֆոսֆորային արկերն ունեն իրենց սպեցիֆիկան, ինչ էլ իրականացնես, իր վնասը փորձելու է տալ: Ինչքան էլ մենք փորձենք զուտ ֆոսֆորի ազդեցությունը կանխենք, միևնույնն է՝ ինքը պայթուցիկ է, պայթելու արդյունքում ֆուգասային էֆեկտը մնում է նույնը, ինչ սովորական ֆուգասային արկինը, հետևաբար պաշտպանվել որպես այդպիսին հնարավոր չէ»,- ասաց Ա. Հովհաննիսյանը:
Հարց հնչեց զինծառայողների հերթափոխի ժամկետների հետ կապված, մասնավորապես՝ ինչո՞ւ են որոշ զինծառայողներ երկար մնում առաջնագծում, նա պատասախանեց, որ ակտիվ մարտական գործողությունների ընթացում հերթափոխի սպասելը մի տեսակ աբսուրդ է:
«Նոր եկած զորքն այն նույն մարտունակությունը չի ունենա, ինչ հին զորքը. ինչքան էլ հոգնած լինեն, տեղանքը, հակառակորդին լավ են տիրապետում, գիտեն՝ հակառակորդն ինչ էր ուզում անել, ինչու չստացվեց, ինչու կարող էր ստացվել: Նոր զորքը պետք է ադապտացվի: Նոր զորքի ադապտացում չես կարող իրականացնել ակտիվ մարտական գործողությունների շրջաններում: Հնարավորինս թեթև մարտական գործողությունների ենթարկված տեղամասերում կատարվել են հերթափոխեր: Մեծ տոկոս չեն կազմում այդ հերթափոխերը:
Չենք կարողանալու հեշտությամբ բոլորին հերթափոխել: Շատ լավ հասկանում ենք, որ մեկ ամիս, 40 օր ծանր է մնալը, բայց սա է իրավիճակը: Հերթափոխ կազմակերպելու արդյունքում կարող ենք կորցնել և հերթափոխվողներին, և հերթափոխողներին, և այն դիրքերը, որոնք իրենք զբաղեցնում են»,- ասաց Ա. Հովհաննիսյանը:
Նա նաև նշեց, որ վարձկանների դերակատարությունը գնալով մեծանալու է, որովհետև Ադրբեջանն ավելի շատ հենվելու է այդ վարձկան ուժերի վրա:
Ա. Հովհաննիսյանի խոսքով, այսօր մեր զորահավաքային պրոցեսը բնականոն ընթանում է, ում կանչում են, սկսում մարզումներ իրականացնել, երևի 99,9 տոկոսը ժամանակին գալիս, ներկայանում է, գումարած՝ կամավորները, որոնց չեն էլ նախատեսել, բայց գալիս են:
Հարցին՝ ի՞նչ իրավիճակ է Կապանի ուղղությամբ, Դավիթ Բեկ հատվածում, նա պատասխանեց, որ այսօր համեմատաբար հանգիստ է եղել, Դավիթ Բեկից ավելի արևելք մարտական գործողություններ ընթացել են երեկ, այսօր էլ կան, բայց նախորդ օրվա սաստկությունը չկա:
Հարակից հրապարակումներ`
- ՊՆ ներկայացուցիչ. Ջալալ Հարությունյանի վիճակը կայուն է
- ՊՆ խոսնակ. Հակառակորդին ջախջախելիս վիրավորում է ստացել մեկ զինծառայող
- ՊԲ գործողությունների արդյունքում խոցվել է թշնամական 1 տանկ, իսկ մնացածները հետ են քաշվել. Արցախի ՊՆ
- Արծրուն Հովհաննիսյանն անակնկալներ է խոստանում ադրբեջանական բանակի՝ գրեթե գոյություն չունեցող ղեկավարությանը
- ՊՆ ներկայացուցիչ. Կարելի է ասել, որ Ադրբեջանի զինված ուժերի ցամաքային պոտենցիալը լրջագույնս վնասված է
- ՊՆ ներկայացուցիչ. Պատերազմը շարունակվում է իր բոլոր ծանրություններով
- Արցախի բնակավայրերի բնակիչները ժամանակին տարհանվել են. ՊՆ ներկայացուցիչ
- Մեր ԶՈւ-երը կարողացել են հակառակորդից հետ վերցնել որոշակի դիրքեր. ՊՆ ներկայացուցիչ
- Սյունիքի Դավիթ Բեկ գյուղի ուղղությամբ Ադրբեջանը կրակ է արձակել. Հովհաննիսյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան