Հայ համայնքը դիմել է Ֆրանսիայի կառավարությանը՝ արգելելու «Գորշ գայլերի» գործունեությունը
Ֆրանսիայի Դեսին համայնքում Հայկական հիշողության կենտրոնի և ցեղասպանության հուշարձանի հետ կապված դեպքը ստորագրված է «Գորշ գայլերի» կողմից, եղել են «Գորշ գայլ» և «Ռեջեփ Թայիփ Էրդողան» գրությունները։ Այդ մասին «Հայերն այսօր»-ին տեղեկացրել է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանը։
Փափազյանը նշել է, որ կապի մեջ են Ներքին գործերի նախարարության հետ, որպեսզի արագորեն այս շաբաթ որոշեն լուծարել և արգելել «Գորշ գայլեր» կազմակերպության գործունեությունը։
«Վիենում, Դիժոնում, Դիսենում ծայրահեղ թուրքերը՝ «Գորշ գայլերը», որ ուղղակի Էրդողանի վերահսկողության տակ են, հակահայ ցույցեր կազմակերպեցին։ Այս գործողությունը դրանց հետևանքն է։ Մեզ Ներքին գործերի նախարարությունից հայտնեցին, որ 67 հոգի տարվել է ոստիկանություն։ Մենք չենք ցանկանում մտնել քաղաքացիական կռիվների մեջ», - ասել է Մուրադ Փափազյանը։
Նրա խոսքով՝ Ֆրանսիան շատ լուրջ է վերաբերվում այս ցույցերին, որովհետև նույն ժամանակ ծանր քաղաքական բախումներ են տեղի ունենում Թուրքիայի նախագահի և Էմանուել Մակրոնի միջև։
«Պատերազմն Էրդողանն ուզում է նաև բերել Եվրոպա։ Ես համոզված եմ, որ Ֆրանսիայում այս մթնոլորտն ուղղակիորեն Էրդողանի աշխատանքն է։ Անմիջապես պետք է պահանջել, որ Թուրքիան դուրս գա ՆԱՏՕ-ից, բանակցությունները, որ զարմանալիորեն շարունակվում են Եվրամիության հետ, պիտի դադարեն», - ընդգծել է Փափազյանը։
«Հայերն այսօր»-ի հետ զրույցում Մուրադ Փափազյանը նաև անդրադարձել է Արցախի անկախության ճանաչման հարցին։ Նրա խոսքով՝ կան քաղաքներ, որ մոտ օրերս պետք է ճանաչեն Արցախի Հանրապետության անկախությունը, որոշ քաղաքներ էլ դեկտեմբերին են պատրաստվում ճանաչել։ Ֆրանսիայի Ազգային Ժողովում 20 պատգամավորներ ներկայացնելու են մի բանաձև, որով կոչ կանեն Ֆրանսիայի նախագահին՝ ճանաչել Արցախի անկախությունը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան