ԱԱՏՄ-ն դիտարկում է արցախցի մեր հայրենակիցների կացավայրերի սանիտարահիգիենիկ վիճակը
ԱԱՏՄ աշխատակիցները հակահամաճարակային կանոնների նկատմամբ հսկողության նպատակով այսօր այցելել են Արցախից ժամանած մեր հայրենակիցների ժամանակավոր բնակության կացավայրեր Լոռու մարզի Փամբակ և Վահագնաձոր համայնքներում։
Տեսչական մարմնից հայտնում են, որ ուսումնասիրվել են ստեղծված սանիտարահիգիենիկ պայմանները, իրականացվել է իրազեկման աշխատանք: ԱԱՏՄ բժիշկ-համաճարակաբանների դիտարկմամբ՝ երկու կացավայրում էլ պայմանները բավարար են․ դրանք ապահովված են տաք և սառը ջրով, սանհանգույցները համապատասխանում են սահմանված նորմերի պահանջներին:
Այստեղ ապահովված են եղել բավարար քանակի դեղամիջոցներ, հեռավար ջերմաչափներ, անհատական պաշտպանիչ և ախտահանիչ պարագաներ:
Ըստ ԱԱՏՄ տեսուչների՝ հաստատությունները սահմանված կարգով ախտահանվում են, ունեն նաև մեկուսարաններ՝ հնարավոր վարակվածներին մեկուսացնելու համար:
Տեսչականի մասնագետները տրամադրել են իրազեկման թերթիկներ, ջերմաչափման և ախտահանման գրանցամատյանների ձևանմուշներ: