Ահաբեկչությունը չպետք է ասոցացվի կոնկրետ քաղաքակրթության, կրոնի, ժողովրդի կամ էթնիկ խմբի հետ. ԱՀ նախագահ
Երեկ երեկոյան Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունները ևս մեկ անգամ փաստեցին, որ միջազգային ահաբեկչության դեմ պայքարը չի կարող ընտրողական լինել, քանի որ այն մարդկությանն սպառնացող մեր ժամանակների ամենամեծ վտանգն է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը։
«Աշխարհի որևէ պետություն ապահովագրված չէ ահաբեկչությունից: Իմ խորին համոզմամբ ահաբեկչությունը չպետք է ասոցացվի կոնկրետ քաղաքակրթության, կրոնի, ժողովրդի կամ էթնիկ խմբի հետ։
Հայտնում ենք մեր խորը վշտակցությունն ու ցավակցությունը տեղի ունեցած ողբերգության զոհերի հարազատներին և արագ ապաքինում մաղթում վիրավորներին:
Ավելի քան մեկ ամիս է մեր երկիրը ողջ միջազգային հանրության աչքի առաջ նույնպես ահաբեկչության թիրախ է դարձել՝ պայքարելով Ադրբեջանի և Թուրքիայի կողմից Հարավային Կովկասն ահաբեկչության նոր օջախ դարձնելու նկրտումների ու փորձերի դեմ:
Արցախի ժողովուրդը ենթարկվում է ահաբեկչության ու մարդկության դեմ հանցագործության՝ կրելով մարդկային ու նյութական մեծ կորուստներ:
Խստորեն դատապարտում ենք ահաբեկչության ցանկացած դրսևորում, էթնիկ կամ կրոնական պատկանելության հիմունքներով խաղաղ բնակչությանը դիտավորությամբ թիրախավորելու ցանկացած փորձ:
Ահաբեկչությունն ու ծայրահեղականությունը սատարողներին, ֆինանսավորողներին և իրականացնողներին, ինչպես նաև ատելության հողի վրա բռնություն հրահրողներին արդարացնելու ցանկացած գործողություն պետք է վճռական կերպով դատապարտվի:
Արցախի Հանրապետությունը շարունակում է հավատարիմ մնալ այս սկզբունքներին և պատրաստ է իր ներդրումն ունենալ ահաբեկչության դեմ պայքարում, միջազգային և տարածաշրջանային անվտանգության ամրապնդման գործում ու մինչև վերջ պայքարելու է ապրելու և անվտանգ զարգանալու իր իրավունքի համար»,-գրել է նախագահը:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին