«Իրատես». Այն, ինչ կարելի է իշխանությանը, չի կարելի ընդդիմությանը
«Իրատես» թերթը գրում է. ««Առաջին 15 օրում պատրաստ չէինք նման ծավալի հրթիռակոծման դեմ պայքարելուն, շատ անձնակազմ ու տեխնիկա ենք կորցրել»։ Այս հայտարարության հեղինակը իշխանության ներկայացուցիչն է, ավելին, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի, նաև 2016-ի քառօրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։ Եթե այս պահին նման արձանագրում աներ ռազմական գործին տեղյակ որևէ ընդդիմադիր գործիչ, ի՞նչ եք կարծում, ի՞նչ կանեին նրա հետ։ Պատերազմը դեռ չավարտված` Քոչարյանը խոսում է մի բանի մասին, որը ընդդիմադիր գործչի դեպքում առնվազն 300-հազարանոց տուգանքի կարժենար։
Հիմա հարց՝ ինչպե՞ս է ստացվում, որ իշխանության ներկայացուցիչներին կարելի է ամեն ինչ ասել, վիրավորել բոլորին, չարժանանալ տուգանքի, իսկ լրատվամիջոցների, ընդդիմախոսների բերանը փակել, օբյեկտիվ գնահատականի համար անգամ տուգանել։
Ի դեպ, 2016-ի պատերազմից հետո այն ժամանակվա ընդդիմախոսները` այսօրվա իշխանության ներկայացուցիչները, բանակի պատրաստ չլինելու մասին անգամ լեգենդներ էին հյուսում, իսկ հիմա, փաստորեն, իշխանությունն ազնվորեն հայտարարում է, թե պատերազմի առաջին 15 օրը պատրաստ չլինելու պատճառով շատ զինվորներ են զոհվել, և տեխնիկա ենք կորցրել, ու սա այն դեպքում, որ ընդամենը 2 ամիս առաջ Ադրբեջանը զգոնությունը ստուգող հարված հասցրեց Տավուշում, դրանից առաջ էլ փորձագետներն ու վերլուծաբաներն արդեն «գոռում» էին, թե պատերազմ է լինելու, պատրաստվեք»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում