Ատոմակայանի հետ կապված ոչ մի խուճապային տրամադրություն չկա. ՀԾԿՀ նախագահ
«Ատոմակայանի հետ կապված ոչ մի խուճապային տրամադրություն չկա, բոլոր ստանդարտ և նախօրոք պլանավորված աշխատանքները, որոնք նմանատիպ իրավիճակներում պետք է իրականացվեն, իրականացվում են»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) նախագահ Գարեգին Բաղրամյանը՝ արձագանքելով դիտարկմանը, որ ադրբեջանական կողմը դեռևս ամռանը հայտարարում էր, որ իրենք պատրաստ են նաև Մեծամորի ատոմակայանը թիրախավորել։
Նրա խոսքով, ռազմական դրության ժամանակ ատոմակայանին զուգահեռ աշխատում են այնպիսի հզորություններ, որ եթե անհրաժեշտ լինի կանգնեցնել կայանը, էլեկտրաէներգիայի մատակարարման որևէ խնդիր չի լինի Հանրապետությունում։
ՀԾԿՀ նախագահը տեղեկացրեց, որ 2021 թվականին նախատեսվում է բավականին լայնածավալ աշխատանքների իրականացում.
«Մոտենում ենք ծառայության ժամկետի ավարտական փուլին, և 2021-ին մեծ աշխատանքներ են մեզ սպասվում։ Դրանով պայմանավորված, իր սովորական ռեժիմից շատ ավելի երկար կկանգնի ատոմակայանը՝ 140 օր»։
Հարցին, թե արդյո՞ք էլեկտրաէներգիայի գնային փոփոխություններ սպասվում են, Գարեգին Բաղրամյանը պատասխանեց.
«Ատոմակայանի չգործելը բավականին ծանր բեռ է լինելու համակարգի համար, բայց, միևնույն ժամանակ, «ՀԷՑ»-ը դրական դինամիկա է գրանցել, այսինքն՝ կորուստները պակասել են, և դեկտեմբերի 15-20-ին նոր կարող ենք հստակ պատկերն ունենալ ու որևէ բան ասել»։
Հարակից հրապարակումներ`
- Փայլանը՝ Թուրքիայի ԱԳ նախարարին․ «Ինչպե՞ս կմեկնաբանեք Հայաստանի ատոմակայանին հարվածելու Ադրբեջանի սպառնալիքը»
- Մտահոգված ենք Ադրբեջանի հայտարարությամբ, որ կարող են հրթիռակոծել Մեծամորի ատոմակայանը. Ժոզեֆ Սիգելե
- Մեծամորի ատոմակայանի հրթիռակոծման սպառնալիքները պետական ահաբեկչության ուղղակի դրսևորում են. ԱԳՆ