Ի՞նչ անելիքներ ունի էկոնոմիկայի նախարարությունը 2021-ի համար
«Հաջորդ տարի ՀՀ տնտեսական քաղաքականության հիմնական նպատակն է լինելու մրցունակության և արտադրողականության աճը»,- այսօր խորհրդարանում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն՝ անդրադառնալով 2021 թվականի պետական բյուջեի նախագծին։
Նա նշեց, որ մրցունակության և արտադրողականության աճը կառավարության ծրագրի տնտեսական քաղաքականության առանցքն է։
Ըստ նախարարի, նախատեսվում է ձեռներեցության զարգացում, գործարար և ներդրումային միջավայրի բարելավում, զբոսաշրջության, արդյունաբերության և գյուղատնտեսության մրցունակության աճ: Թիրախավորվելու են նաև հանրային ներդրումների արդյունավետության բարձրացումը և որակի ենթակառուցվածքների բարելավումը։
Տիգրան Խաչատրյանի խոսքով՝ կառավարությունը նաև հատուկ ուշադրության է արժանացնելու օտարերկրյա ներդրումների ուղղությամբ տարվող աշխատանքը։
Նախարարը նաև ընդգծեց՝ կառավարությունը հասցեական քաղաքականությամբ ամեն բան կանի, որ աջակցի բիզնեսին՝ համավարակի և պատերազմի հետևանքով առաջացած խնդիրների լուծման ճանապարհին:
«Երկու արտաքին խոշոր գործոններ ազդել են այս տարվա տնտեսական իրավիճակի վրա և շարունակելու են ազդել նաև 2021-ի վրա: Նախ՝ տարեսկզբից համավարակը էական ճշգրտումների կարիք առաջացրեց այն փաթեթում, որը կառավարությունը տնտեսական աջակցության միջոցով ուղղում էր թե արտահանման, թե փոքր ու միջին բիզնեսի զարգացման հարցերին, թե զբոսաշրջությանն ուղղված տարբեր միջոցառումներին:
Ավելի ուշ ռազմական դրությունը ստեղծեց նոր մարտահավերներ, որոնց մասնավոր հատվածը ներկայում առնչվում է, հետևանքներին շարունակելու ենք առերեսվել նաև 2021 թվականի ընթացքում: Մենք անում ենք և անելու ենք առավելագույնը, որ մեր հասցեական քաղաքականության շնորհիվ հատկապես աջակցություն ցուցաբերենք այն խնդիրների լուծման ճանապարհին, որոնք այդ առանձնահատուկ իրավիճակների հետևանք են»,- վստահեցրեց Տիգրան Խաչատրյանը:
Հարակից հրապարակումներ`
- 2021-ի բյուջեից ՏԿԵ նախարարությանը կհատկացվի 210 մլրդ 87 մլն դրամ գումար
- 2021-ի բյուջեով պարգևավճաների համար 18 միլիարդ 825 միլիոն դրամ է նախատեսված. պատգամավոր