Թուրքական ապրանքների ներկրման արգելքից հետո, վստահաբար, գնաճ չի լինի. նախարար
«Կարծում ենք, որ այս տարվա ավարտին կարող է լինել 6% տնտեսական անկում, բայց հաջորդ տարվա ընթացքում 4-5% վերականգնման միջակայք կլինի»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը։
Նրա խոսքով, և՛ համավարակը, և՛ ռազմական դրությունն ունեն որոշակի բացասական ազդեցություն տնտեսության վրա.
«Ամբողջ աշխարհը չգիտի, թե համավարակն ինչ ազդեցություն կունենա տնտեսությունների վրա։ Դրա համար մենք յուրաքանչյուր պահի կանգ ենք առնում ու վերանայում ենք նախկինում տրված գնահատականները։ Այս պահին մեր գնահատականն այսպիսին է՝ տարին կավարտենք մոտավորապես 6% տնտեսական անկմամբ»։
Դիտարկմանը, որ 2021 թվականի հունվարի 1-ից թուրքական ապրանքներ ՀՀ-ն չի ներմուծի, տնտեսվարողներին ի՞ նչ ճանապարհներ են առաջարկվելու, ՀՀ էկոնոմիկայի նախարարն արձագանքեց՝ նշելով, որ որոշումը վերաբերում է միայն վերջնական սպառման ապրանքներին, և այն ապրանքատեսակների ներկրումը, որոնք միջանկյալ սպառման են, կամ արտադրողի կողմից օգտագործվում են իր արտադրությունը սպասարկելու համար, չի սահմանափակվի։
«Տնտեսվարողները բավականին լավ գիտեն, թե որտեղ կան այլ հնարավորություններ։ Իրենք կարող են վերջնական սպառման ապրանքներ ներկրել ՌԴ-ից, Բելառուսից, Իրանից, Չինաստանից...։ Այլընտրանքային հնարավորություններ կան։ Չեմ կարծում, որ թուրքական ապրանքների ներկրումը արգելելուց հետո գնաճ լինի։
Թուրքական ապրանքները շատ փոքր տեսակարար կշիռ ունեն մեր շուկայում, իսկ որպեսզի գնաճ լինի, պետք է կոնկրետ սոգմենտում առաջարկվող ապրանքների զգալի մասը առաջարկվեր հենց թուրքական ապրանք ներկրողների կողմից։ Մենք ունենք գնահատականներ, որ առանձին վերցված որևէ ապրանքային սեգմենտ չկա, որտեղ թուրքական արտադրության ապրանքներն ունեն գերակշիռ նշանակություն։ Հետևաբար, վստահաբար գնաճ չի լինի։ Ներկրումներ կլինեն այլ շուկաներից»,- շեշտեց Տիգրան Խաչատրյանը։
Հարակից հրապարակումներ`
- Մենք պետք է արաբական շուկան որպես թուրքականի այլընտրանքային տարբերակ ուսումնասիրենք. տնտեսագետ
- Ի՞նչ կարող է արտահանել Հայաստանը Սաուդյան Արաբիա՝ թուրքական ապրանքների բոյկոտի արդյունքում
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին