Պարգևավճարները պետք է լինեն. ՊԵԿ նախագահ
«Ես ստիպված հերթական անգամ անդրադառնում եմ ՊԵԿ-ի պարգևավճարներին. դրանց վրա այդքան կենտրոնանալը և դրանք վերացնելու նպատակով արվող հարցադրումները ոչ մի տեղ չտանող ճանապարհ են»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը՝ անդրադառնալով 2021 թվականի պետական բյուջեի պարգևավճարների ֆոնդին։
Նրա խոսքով, պարգևավճարներն այս պահին համարժեք վարձատրություն ապահովելուն ուղղված միջոցներ են. «Պարգևավճարները պետք է լինեն»։
Դիտարկմանը, որ այս օրերին հանրային պահանջ կա, որ բարձրաստիճան պաշտոնյաներն իրենց պարգևավճարները փոխանցեն կա՛մ «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամին, կա՛մ «Հայաստան» համահայկական հիմնադրամին, ՊԵԿ նախագահն արձագանքեց.
«Կարծում եմ՝ մամուլից պետք է արդեն տեղեկացած լինեք, որ պատերազմական գործողությունների հենց առաջին օրերից ՊԵԿ աշխատակիցներն այս մասով շատ ակտիվ են եղել։ Բազմաթիվ անգամ գումար է հավաքագրվել և փոխանցվել «Հայաստան» համահայկական հիմնադրամին, ինչպես նաև «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամին։ Այս պահին, ընդհանուր առմամբ, մոտ 530 մլն դրամ է փոխանցվել։ Եվ բոլորը մասնակցություն են ունեցել այս գործընթացին։ Այդ գումարները բնականաբար մարդիկ իրենց եկամուտներից են տրամադրել»։
Հարցին, իսկ այս իրավիճակում, երբ կորոնավիրուսի հետևանքով ՀՀ տնտեսությունը ծանր վիճակում է հայտնվե,արդյո՞ք ՊԵԿ-ը չի հրաժարվել պարգևավճարներից, Էդվարդ Հովհաննիսյանը պատասխանեց.
«Նախորդ ամիս պարգևավճարներից չենք հրաժարվել, սակայն գումար ուղղել ենք հիմնադրամներին, իսկ ընթացիկ ամսում պարգևավճարներ նախատեսված չեն»։
Ճշտող հարցին, թե նախորդ բոլոր ամիսներին ՊԵԿ-ում չե՞ն հրաժարվել պարգևավճարներից, ՊԵԿ նախագահն արձագանքեց. «Ինչո՞ւ հրաժարվեինք պարգևավճարներից»։
Հարակից հրապարակումներ`
- Աշխատանքի վարձատրության ֆոնդը աճում է ընդամենը 2.8%-ով, պարգևավճարներինը՝ 1.04%-ով. Արտակ Մանուկյան
- Տնտեսագետ. Միայն պարգևավճարների գումարով կարելի է գնել երկու տասնյակ տանկ կամ ԱԹՍ֊ներ
- Աղասի Ենոքյան. Պարգևավճարները 21% -ով ավելացնելով՝ ստուգում են՝ ժողովուրդի ականջներից դեռ կարո՞ղ է կախել լապշա
- Արման Ղուկասյանը՝ պաշտոնյաներին. Հրաժարվել 2021 թվականի բոլոր պարգևավճարներից
- 2021-ի բյուջեով պարգևավճաների համար 18 միլիարդ 825 միլիոն դրամ է նախատեսված. պատգամավոր