«Ես ճանաչու՛մ եմ Արցախը». Հյուսե՛ք արցախյան նարոտ
«Չարը տեղ չունի Արցախի բարձունքներում: Մենք մեր փորձով գիտենք, որ, եթե նահանջենք, այն կտիրի ողջ տարածքին և կերպարանափոխվելով կթակի յուրաքանչյուրիս դուռը: Մենք ընդունել ենք կռիվը և չենք նահանջելու: Արցախը մենք ենք: Մենք կանք: Կոչե՛ք մեզ մեր անունով»,- սա հատված է «ԵՍ ՃԱՆԱՉՈՒՄ ԵՄ ԱՐՑԱԽԸ» քաղաքացիական նախաձեռնության մանիֆեստից։
«Ես ճանաչում եմ Արցախը» միջազգային քաղաքացիական նախաձեռնությունն սկիզբ է առել Արցախի ազատության և անկախության համար պայքարի այս պատմական օրերին:
Մինչ Արցախի պաշտպանական ուժերը լուծում են ռազմական խնդիրներ, բոլոր նրանք, ովքեր ճանաչում են Արցախի ժողովրդի խաղաղ ապրելու իրավունքը, պետք է միավորվեն, որպեսզի հասնեն Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման: Միայն ճանաչման պարագայում Արցախում, Հայաստանում և Ադրբեջանում կստեղծվեն խաղաղ գոյության երկարաժամկետ իրավական նախադրյալներ:
«Ես ճանաչում եմ Արցախը» նախաձեռնության խորհրդանիշն արցախյան նարոտն է՝ հյուսված սպիտակ, կարմիր և մանուշակագույն թելերից. սպիտակը խորհրդանշում է անպարտելի ոգու մաքրությունը, կարմիրը՝ հաղթական կամքը, մանուշակագույնը՝ մեր հիշողությունը, իսկ եռահյուսը խորհրդանշում է միասնականությունը:
«Անվանակոչելով մարդուն՝ մենք ճանաչում ենք նրան: Մենք աշխարհի մարդկանց ցանկանում ենք հասցնել այն կարևոր ուղերձը, որ ցանկացած մարդ, կազմակերպություն, հանրույթ, ժողովուրդ կամ նահանգ իրավունք ունի ճանաչելու Արցախը՝ առանց սպասելու կառավարությունների և միջազգային կառույցների որոշումներին: Արցախն իր անունով կոչել նշանակում է ճանաչել այն, ճանաչել արցախցիների՝ սեփական հայրենիքում առանց վաղվա օրվա հանդեպ վախի, խաղաղ ապրելու իրավունքը:
Յուրաքանչյուրը նարոտ հյուսելու և «Ես ճանաչում եմ Արցախը» հայտարարելու իր պատճառն ունի: Դա սեփական դիրքորոշման արտահայտում է, անձնական ընտրության հանրահռչակում, բարի կամքի դրսևորում. ահավասիկ՝ «Ես ճանաչում եմ Արցախը, քանի որ չեմ ցանկանում Հայոց ցեղասպանության կրկնություն», «Ես ճանաչում եմ Արցախը, քանի որ դեմ եմ ահաբեկչությանը», «Ես ճանաչում եմ Արցախը, քանի որ մարդ եմ, որն ունի ընտրության ազատություն», «Ես ճանաչում եմ Արցախը, ինչպես ճանաչում եմ ինքս ինձ»,- ասված է նախաձեռնության տարածած հաղորդագրության մեջ։
Նախաձեռնության անդամները հավատացած են, որ միջազգային հանրության աջակցությունն Արցախին և դրա ճանաչումն աշխարհի մարդկանց, կազմակերպությունների և հանրույթների կողմից կամրապնդի սեփական իրավունքների պաշտպանության պայքարում Արցախի ժողովրդի կամքը:
«Ես ճանաչում եմ Արցախը» միջազգային քաղաքացիական նախաձեռնությունը կոչված է խթանել Արցախի Հանրապետության ճանաչման քաղաքական և դիվանագիտական գործընթացը:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան