Արցախի առնվազն 1815 հա անտառների հրդեհումը պատերազմական հանցագործություն է. Արցախի ՄԻՊ
Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի գրասնեյակը հայտարարություն է տարածել թշնամու կողմից ֆոսֆորային արգելված զենքով անտառները հրդեհելու վերաբերյալ՝ այն որակելով պատերազմական հանցագործություն:
«Քաղաքացիական բնակավայրերի և օբյեկտների թիրախավորմանը զուգահեռ՝ հատկապես վերջին օրերի ընթացքում Ադրբեջանի զինված ուժերը դիտավորյալ հրդեհում են Արցախի անտառածածկ տարածքները՝ ըստ նախնական տվյալների՝ հիմնականում սպիտակ ֆոսֆորի արգելված զինատեսակի կիրառմամբ:
Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի փաստահավաք առաքելության շրջանակներում պարզվել է, որ ադրբեջանական կողմից Արցախի անտառների դիտավորյալ հրդեհումը կրում է համատարած բնույթ և ընդգրկում է բոլոր շրջանները: Նախնական տեղեկություններով՝ հրդեհի է մատնվել արդեն 1815 հեկտար անտառածածկ տարածք, սակայն տարբեր վայրերում հրդեհները շարունակվում են, և առկա է ծավալների արագ աճի միտում:
Հաշվի առնելով հրդեհված անտառների ծավալն ու աշխարհագրական ընդգրկվածությունը՝ Արցախի Հանրապետության բնակչությունը կանգնած է բնապահպանական աղետի առաջ, որը խարխլում է տարածաշրջանում բնապահպանական անվտանգությունը և երկարաժամկետ վտանգավոր հետևանքներ է պարունակում Արցախի բնակչության կյանքի ու առողջության համար: Բացի դրանից, ադրբեջանական զինված ուժերն այդ հանցավոր մեթոդաբանությամբ նպատակ ունեն վնասել անտառներում ապաստանած քաղաքացիական բնակչությանը:
Պաշտպանն ընդգծում է, որ ադրբեջանական զինված ուժերի կողմից Արցախի անտառների դիտավորյալ հրդեհումը պատերազմական հանցագործություն է և կոչ է անում միջազգային հանրությանը գործնական քայլեր ձեռնարկել ադրբեջանական հանցագործությունները դատապարտելու և պատասխանատուներին պատժելու ուղղությամբ»,-ասվում է հայտարարության մեջ:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան