Ո՞ւր ես, Գրետա Թունբերգ
Տպավորություն է, որ Արցախը դարձել է նոր զինատեսակների փորձարկման վայր։ Տարբեր պետություններն էլ հեռադիտակներն առած գնահատում են դրանց կործանարար ուժն՝ իրենց զինանոցները համալրելու նպատակով։ Ու բնավ կարևոր չէ, որ դրանք արգելված են միջազգային կոնվենցիաներով, որ կիրառվում են խաղաղ բնակչության դեմ, որ տարածաշրջանում հումանիտար ու բնապահպանական աղետ են առաջացնում։
Արցախի քաղաքացիական բնակչության գլխին թափվող կասետային ռումբերից թուրք-ադրբեջանական ոհմակն անցավ Արցախի անտառները ֆոսֆորային ռումբերով այրելուն, նոյեմբերի 3-ից էլ հայտնվեց նոր զինատեսակ՝ այրող կասետային միջուկային զենք։ ԱՀ ԱԻՊԾ ներկայացմամբ այս զինատեսակը նախատեսված է զանգվածային ոչնչացման և տարածքների հրկիզման համար, և դրա կիրառումը խաղաղ բնակչության ուղղությամբ արգելված է Ժնևյան և միջազգային կոնվեցիաներով։
Հասկացանք, որ այսպես կոչված 5-րդ սերնդի պատերազմները տեխնոլոգիական են և այրող ռումբը չի տեսնում թե ինչ գեղեցկություններ է ոչնչացնում Արցախում, բայց ո՞ւր են մի թիթեռի համար վայնասուն բարձրացրած «կանաչները», ո՞ւր են ավստալիական կոալաներին շշով կերակրող գրինփիսցիները, ո՞ւր է բոլորին հայտնի բնության պաշտպան Գրետա Թունբերգը։ Կույր ու խո՞ւլ են, ինտերնետ չունե՞ն, տեղյակ չե՞ն, որ ոչնչացվում ու ամայացվում են տարածքներ, որոնք ամուլ են մնալու երկար ժամանակ։ Սո՛ւտ աշխարհ, որ կոչ-ուղերձներով ես փորձում կոծկել անգործունեությունդ և չես պատժում մարդ ու բնություն ոչնչացնողին։
Ալիևը Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուին հրապարակավ խոստացավ, որ գնալու են մինչև վերջ։
Վերջը ո՞րն է․․․ վերջին հա՞յը, թե՞ հայկական հողի վերջին չամլացրած թիզը։ Երեսպա՛շտ աշխարհ։ Պատերազմող կողմերից մեկը բացեիբաց հայտարարում է իր կործանիչ նկրտումների մասին, իսկ աշխարհը չպահպանվող հրադադարի չստացված կոչեր է անում մինչև տեսեն, թե Ամերիկայում ով նախագահ կդառնա, թե թուրք ահաբեկիչները եվրոպական որ երկրում հերթական վայրագությունը կանեն, թե որ զինատեսակը ինչ արդյունքներ կգրանցի ռազմի դաշտում։
Եվ ամենաաններելին՝ աշխարհը հետաքրքրված նայում է, թե դեռ որքան հերոսականություն կա այս փոքրաթիվ ժողովրդի մեջ, և դեռ ինչքան կարող են կռվել ադրբեջանա- թուրքական-իսրայելական զենք ու զորքի դեմ։ Այսինքն՝ դուք կռվեք, դիմացեք ինչքան կարող եք, այ վերջին կաթիլ արյունին օգնության կհասնենք։ Մի՞թե․․․
Մինչ եվրոպաներում նոր զենքերի ու հայի ոգու մենամարտն են ուսումնասիրում, թուրքն արդեն իրենց տան շեմին իրենց քաղաքացիներին է մորթոտում։ Քաղաքակիրթ աշխարհի լռությունը հենց իր դեմ էլ աշխատեց։ Վատ է, շատ վատ, բայց գուցե դա կստիպի դադարել կույր ու խուլ ձևանալուց։ Ի՞նչ երաշխիքներ ունեն, որ Արցախի խաղաղ բնակչության դեմ կիրառված այրող կասետային զենքը Եվրոպայի կենտրոնում էլ չի կիրառվի։ Կանխե՛ք աղետը, կտրե՛ք հանցագործի ձեռքը՝ առնվազն ձեր շահերից ելնելով․․․ մի մոռացեք, որ հեռադիտակով հեռուները նայողը բաց է թողնում իր քթի տակ կատարվողը։
Լիա Իվանյան