Զինվորական համազգեստի թանկացում չենք հայտնաբերել, էժանացման դեպքեր կային. ՏՄՊՊՀ նախագահ
«Երբ տեղեկություն ստացանք, որ զինվորական համազգեստների գներն աճել են, անմիջապես փորձեցինք հասկանալ՝ ինչու է դա տեղի ունեցել։ Բնականաբար, մենք նայում ենք մասնագիտացված խանութները..., հայտնաբերել ենք՝ ապրանքը, որ վաճառվում էր «X» դրամով, չէր թանկացել, կային դեպքեր, որ էժանացել էր»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը՝ անդրադառնալով ռազմական դրության ընթացքում զինվորական համազգեստի, ծաղկի և այլ ապրանքների գների բարձրացմանը։
Նա նշեց, որ այլ է խնդիրը, երբ որոշ դեպքերում այդ տնտեսվարողներից ձեռք բերած ապրանքը որոշ մարդիկ վերավաճառել են, բայց նրանք տնտեսվարող սուբյեկտ չեն համարվում և մեր դաշտից դուրս են.
«Դրա համար մենք հրապարակեցինք մասնագիտացված խանութներից ստացված գները, որպեսզի մարդիկ իմանան՝ որտեղ ինչ գնով է վաճառվում, որպեսզի զսպենք որոշ անձանց ախորժակները։ Եվ ամենակարևորը՝ երբեմն ապրանքների ճիշտ համեմատական պետք է արվի։ Մի դեպք ունենք, երբ խոսքը զինվորական ճտքավոր կոշիկի գնի բարձրացման մասին էր, թե 9000-ից գինը հասել է 19000-ի, բայց պարզվեց, որ կա և՛ 9000 դրամանոց, և՛ 19000 դրամանոց ճտքավոր կոշիկ»։
Ինչ վերաբերում է վերավաճառողների կողմից իրացվող զինվորական համազգեստի գնին, ապա Գեղամ Գևորգյանը նշեց, որ իրենք այդ մասով ոչինչ ասել չեն կարող, քանի որ նրանք տնտեսվարող սուբյեկտ չեն համարվում։ Ինչ վերաբերում է տնտեսվարող սուբյեկտներին, ապա ՏՄՊՊՀ նախագահը վստահեցրեց՝ վերջիններս բավականին լավ վերաբերմունք են ցուցաբերել և հարցումներին բավականին արագ պատասխանել են։
Անդրադառնալով ծաղկի շուկային՝ Գեղամ Գևորգյանը նշեց, որ սկզբում ՏՄՊՊՀ-ն հորդորել է վերանայել գները, սակայն դա խնդրի լուծում չի եղել։
«Հետո մեր գործընկերները մեծածախ վաճառք իրականացնող ծաղկի շուկաներում մոնիթորինգ են արել և գների բարձրացում արձանագրել։ Դրանից ելնելով՝ մենք արտահանողներին խնդրեցինք շուկայում ներքին վաճառք իրականացնել, ինչը գներն անմիջականորեն զսպեց, և երկրորդ պայմանավորվեցինք, որ գները պետք է իջեցնել, ինչը և եղել է։ Հիմա, կարծես թե, գների էական նվազում կա»,- ներկայացրեց նա։
ՏՄՊՊՀ նախագահը նշեց, թեև սննդամթերքի շուկայում գնաբարձրացում չի նկատվել, այնուամենայնիվ, մի քանի անուն ապրանքներ թանկացել են, օրինակ՝ այլուրը, ձեթը, կարագը.
«Ի դեպ, ձեթի գինը նորից իջել է։ Դա կապված է սեզոնի և արտարժույթի փոխանակման կուրսի բարձրացման հետ։ Այս պահին ձվի շուկան էլ ենք ուսումնասիրում, բայց դեռ ոչինչ չեմ կարող ասել»։