Աշխատանքի վարձատրության ֆոնդը աճում է ընդամենը 2.8%-ով, պարգևավճարներինը՝ 1.04%-ով. Արտակ Մանուկյան
«Թվում է, թե պարգևավճարների ֆոնդը 21.7%-ով աճելու է, բայց խնդրում եմ պարզաբանեք՝ եթե մենք պահպանեինք համադրելիությունը, արդյոք չէինք ունենա աշխատավարձի ֆոնդի 2.8% աճ։ Մեթոդաբանական ճշգրտումը խնդրում եմ նեկայացրեք։ Ինչո՞ւ աղյուսակում հարկային և մաքսային մարմինների աշխատողների պարգևատրումները չկան»,- այսօր խորհրդարանում 2021 թվականի պետական բյուջեի քննարկման ընթացքում, դիմելով ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանին, ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանը՝ անդրադառնալով 2021 թվականի պետական բյուջեում նախատեսված պարգևատրումների ֆոնդին, որը կազմելու է 18 մլրդ 825 մլն դրամ։
Պատասխանելով պատգամավորի հարցին՝ Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ պարգևավճարին պետք է մոտենալ ոչ թե որպես շռայլություն, այլ որպես վարձատրության համակարգի բաղկացուցիչ։
«Ըստ էության, սա միջանկյալ լուծում է, քանի դեռ պետական հատվածի բարեփոխումների ծրագիրը չի հասել իր տրամաբանական փուլին, և պետական համակարգում աշխատանքի ծանրաբեռնվածությունը համաչափ բաշխված չէ, և աշխատանքի վարձատրությունն էլ համարժեք չէ։ Երբ մենք ակնկալում ենք, որ պետական համակարգը պետք է որակյալ ծառայություն մատուցի, ենթադրվում է, որ այդ որակյալ ծառայությունը հնարավոր է կազմակերպել միայն արդյունավետ պետական համակարգ ունենալու պայմաններում»,- ասաց ֆինանսների նախարարը։
Անդրադառնալով թվերին՝ նա նշեց, որ այո, բացարձակ ճշմարտություն է՝ աշխատանքի վարձատրության ֆոնդը աճելու է 2.8%-ով։
«Սահուն հենքով բյուջետավորման սկզբունք է կիրառվել։ Ինչ է դա նշանակում։ Այս դեպքում մեր երկրում եղած կարգավորումները, որոնց հիման վրա հաշվարկվում է աշխատավարձը, նախատեսում են բնականոն աճ։ Եթե ենթադրենք որևէ մարմնում լրացուցիչ հաստիք է ավելացվել, դա չէր կարող չավելացվել ու չհաշվարկվել այստեղ։ Կամ եթե փոխվել են դրույքաչափը, պաշտոնը, և վարձատրության ավելի բարձր դրույքաչափ է ենթադրվում, դա ևս իր արտացոլումը պիտի գտնի այստեղ։ Պարգևավճարի տրամաբանությունը չի փոխվել, դա աշխատանքի վարձատրության նույն 30%-ն է։ Իսկ այն, ինչ այստեղ մենք տեսնում ենք՝ որպես տոկոսների տարբերություն, ոչ միայն մեթոդաբանական խնդիր է, այլ նաև կարգավորումների ազդեցություն։
Մենք 2019 թվականին արտաբյուջետային հաշիվների գործունեությունն ընդհանրապես դադարեցնելու որոշում ընդունեցինք, ինչը հանգեցրեց նրան, որ մենք, այլևս չունենք արտաբյուջետային հաշվով ակնկալվող մուտքերի հաշվին նախատեսված պարգևավճար, այլ ամբողջ պարգևավճարը նախատեսված է բացառապես պետական բյուջեի հաշվին, որովհետև բոլոր մուտքերն այլևս փոխանցվում և հաշվեգրվում են պետական բյուջեում»,- մանրամասնեց Ատոմ Ջանջուղազյանը։
Արձագանքելով, Արտակ Մանուկյանը հավելեց՝ եթե աշխատանքի վարձատրության ֆոնդը աճում է ընդամենը 2.8%-ով, և պարգևատրումներն էլ, որ արտաբյուջեով էին, գումարվում են պետական բյուջեին, ապա, ըստ էության, պարգևատրումների ֆոնդն աճում է ընդամենը 1.04%-ով։
Հարակից հրապարակումներ`
- Տնտեսագետ. Միայն պարգևավճարների գումարով կարելի է գնել երկու տասնյակ տանկ կամ ԱԹՍ֊ներ
- Աղասի Ենոքյան. Պարգևավճարները 21% -ով ավելացնելով՝ ստուգում են՝ ժողովուրդի ականջներից դեռ կարո՞ղ է կախել լապշա