Մենք պետք է ունենանք հնարավորինս իրատեսական բյուջե այն պահի դրությամբ երբ այն հաստատվի. Արկադի Խաչատրյան
«Դուք ասում եք քաղաքականությունը չի փոխվելու, բայց առաջնահերթությունները կփոխվեն: Առաջնահերթությունները բխում են քաղաքականությունից, մենք չենք կարող փոխել դրանք, բայց քաղաքականությունն առհասարակ չփոխել էլ չենք կարող»,- 2021 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանին արձագանքեց ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արկադի Խաչատրյանը:
Վերջինս նկատեց, որ 2021 թ. բյուջեն նախապատրաստվել է մինչև ռազմական դրության հայտարարումը և չէր կարող կանխատեսվել ներկայիս անորոշություններն ու ռիսկերը, բայց հիմա արդեն որոշակի տեսանելիություն կա և պետք է դրանք հաշվի առնվեն նախագծում:
«Ես կարծում եմ, որ մենք ոչ թե պետք է սպասենք, թե որ պահին անորոշությունները պետք է դադարեն՝ նոր անենք, այլ մենք պետք է ունենանք հնարավորինս իրատեսական բյուջե այն պահի դրությամբ, երբ այն հաստատվի»,- հայտարարեց Արկադի Խաչատրյանը և կարծիք հայտնեց, որ կառավարությունը բյուջեի քննարկման ժամանակահատվածը պետք է օգտագործի նոր նախագծի վրա աշխատելու համար:
Ատոմ Ջանջուղազյանը նկատեց, որ 2021 թվականի բյուջեի նախագծի վրա սկսել են աշխատել 2019 թվականի դեկտեմբերից և ամեն օր աշխատանքներ են տանում, բայց դրանք հնարավոր չէ այնպես ներկայացնել, որպեսզի մի քանի ամսվա մասնակցային գործընթացի արդյունքները խտացնեն, բերեն տեղավորել մեկ կամ մի քանի օրվա մեջ:
Ֆինանսների նախարարը պնդեց, որ որևէ պահի դրությամբ պետք է կանգ առնել՝ ընդունելով, որ կան ռիսկեր:
«Վաղը կարող է ավելի կանխատեսելի և իրատեսականին մոտիկ գնահատականներ ունենանք, բայց եթե որևէ պահի կանգ չառնենք՝ այն կվերածվի անընդհատ գործընթացի և մենք երբեք չենք ավարտի սա»,- պատասխանեց Ատոմ Ջանջուղազյանը:
Նրա խոսքով, հնարավոր չէ բյուջեի ընդունման օրը նախագծում ինկորպորացնել այդ պահի իրավիճակը, քանի որ այդ տվյալները բյուջեի նախագծի վերածելու համար ենթադրում են գործընթացներ:
Ֆինանսների նախարարը հույս հայտնեց, որ եթե տարվա ընթացքում կարիք առաջանա նորից բյուջետային գործընթաց սկսել, ապա ԱԺ- ն դեմ չի լինի:
Հարակից հրապարակումներ`
- 2021 թվականին 2019-ի համեմատ աշխատավարձի ֆոնքն աճել է 4.1 մլրդ դրամով. Էդվարդ Հովհաննիսյան
- ԱԺ-ն սկսեց 2021 թ պետական բյուջեի քննարկումը
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան