Իրանագետ. Իրանի Հոգևոր առաջնորդի հայտարարությունից Ադրբեջանի կողմից դժգոհություն արտահայտելու փորձը կատարվել է
Իրանագետ Ահարոն Վարդանյանը գրում է.
«Բաքվի բռնապետը որոշել է ի պատասխան ԻԻՀ հոգևոր առաջնորդի ԱԳՆ փոխնախարարի տեսքով շնորհակալություն (պարզ չի, թե ինչի համար) հայտնել։
Մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ Բաքուն ամենևին էլ շնորհակալություն հայտնելու պատճառներ չունի, և դիտարկենք շնորհակալություն հայտնողին։
Ուշադրություն, Ա․ Խամենեիից շնորհակալություն է հայտնել ԱԳՆ փոխնախարարը։ Ակնհայտ է, Ադրբեջանական Հանրապետությունում Ա․ Խամենեիի տրամաչափի գործիչ չկա։ Նույիսկ, եթե Ալիևն անձամբ մեկներ Թեհրան և շնորհակալություն հայտներ, կրկին տրամաչափերի տարբերությունը չէր լրացվի, էլ չեմ ասում այս պարագայում։ Վստահաբար այս ամենը գիտակցում են ինչպես Բաքվում, այնպես էլ Թեհրանում։ Ուրեմն ի՞նչը կարող է նմանօրինակ վարվելակերպի պատճառ հանդիսանալ։
Միակ տրամաբանական բացատրությունը կարող է լինել դժգոհությունն Ա․ Խամենեիի խոսքերից և դրա՝ այդօրինակ արտահայտումը։
Բնական է, որ պետք է լիներ դժգոհություն ադրբեջանա-թուրքական կողմից, չէ՞, որ նրանց տարածաշրջանի և, ինչու ոչ, աշխարհի ազդեցիկ քաղաքական գործիչներից մեկի կողմից խիստ զգուշացում է տրվել ահաբեկիչներին տարածաշրջան բերելու և պետությունների՝ միջազգայնորեն ընդունված սահմանները խախտելու համար, իսկ նրա խոսքերը կշիռ ունեն և հենց այնպես օդում չեն հնչում։
Դժգոհություն արտահայտելու փորձը կատարվել է։ Փորձը փորձ, բայց այս դեպքում այն կարող է փորձանք բերել կատարողի գլխին»։
Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ, ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը ՀՀ ԱԳՆ-ին խորհուրդ էր տվել հայտարարությամբ արձագանքել Իրանի հոգևոր առաջնորդին։
«Մեր ԱԳՆ տեղը լինեի, հիմա հայտարարություն կտարածեի մոտավորապես հետևյալ բովանդակային առանցքի շուրջ՝
«Բարձր ենք գնահատում ԻԻՀ հոգևոր առաջնորդ այաթոլլահ սեյյեդ Ալի Խամենեիի այն դիրքորոշումը՝ համաձայն որի պետք է ապահովվի արցախահայության անվտանգությունը։ Արցախի Պաշտպանության բանակը հենց այս պահին, Աստծո կամոք, իրականացնում է այդ գործառույթը՝ պաշտպանելով հայ բնակչությանը նաև ծայրահեղական ահաբեկիչներից, որոնց ներկայությունը պատերազմի թատերաբեմում, դատելով հոգևոր առաջնորդի ելույթից, անընդունելի է նաև բարեկամ ԻԻՀ համար»,-գրել էր Ոսկանյանը։
Հարակից հրապարակումներ`
- Իրանագետ Վարդան Ոսկանյանը պարսկերենով է լսել Խամենեիի խոսքը
- Այաթոլլահ Խամենեի. Իրանի երկու հարևան երկրների պատերազմը դառը խնդիր է, որը պետք է արագ ավարտվի
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին