Ի՞նչ օգուտ կամ վնաս են տալիս հակառուս համարվող գործիչներն այս օրերին
Yerevan.today-ը գրում է.
«ԱԺ պատգամավոր, հայտնի հակառուս Արման Բաբաջանյանը նոյեմբերի 3-ին հարցազրույցում հայտարարում է․ «․․․Կարծում եմ, Հայաստանի և Ռուսաստանի իշխանությունների կողմից կոնսենսուսով ձեռք է բերվել պայմանավորվածություն, որ Հայաստանը ձեռնպահ կմնա դիմելու ՀԱՊԿ-ին, փոխարենը ՌԴ-ն ամբողջությամբ ստանձնում է պաշտպանության և աջակցության համալիր հարցերը, որոնք կարող են անհրաժեշտ լինել Հայաստանին»։
Հայաստանը բազմիցս պաշտոնական մակարդակով հայտարարել է, որ կդիմի ՀԱՊԿ-ին, երբ ագրեսիա լինի մեր սահմանների վրա և երբ դրա անհրաժեշտոությունը տեսնի։ Հատկապես պատերազմական այս օրերին, երբ թշնամին հարձակում է գործում նաև Հայաստանի սահմանամերձ համայնքների վրա, կարծես հանրային պահանջ է դարձել ՀԱՊԿ-ին դիմելը, բայց մինչ այս իշխանությունը չի դիմել այդ քայլին։ Հիմա պատգամավորը գրեթե բացահայտում է անում՝ քանի որ այդ դաշինքի անդամ երկու պետություն վատ են տրամադրված Հայաստանին (Ղազախստան ու Բելառուս), ՀԱՊԿ-ն չի մասնակցի Հայաստանի սահմանների պաշտպանությանը, ուստի չդիմելու պայմանավորվածություն կա։
Հիմա հարց՝ որտեղի՞ց պատգամավորին նման ինֆորմացիա։ Որտեղի՞ց Արման Բաբաջանյանը գիտի, թե ինչ են խոսել վարչապետը կամ արտգործնախարարը ՀԱՊԿ-ի գործընկերների հետ։
Մենք՝ լրատվամիջոցներս և հանրությունը, տեղյակ չենք, որ վարչապետի կամ արտգործնախարարի հանդիպում է եղել պատգամավորների հետ, այդ դեպքում որտեղի՞ց «անկախ» պատգամավորին նման ինֆորմացիա։
Լավ, ասենք թե ունի տեղեկատվություն այսպես ասած՝ ներսից, արդյո՞ք նրան այդ լիազորությունն էլ է տրվել՝ խոսել դրա մասին։ Եթե այո՛, հարց է առաջանում՝ իսկ ինչու՞ դրա մասին չխոսեն պաշտոնապես լիազորվածները, այլ ոչ թե պատգամավոր, եթե ո՛չ, որն ամենից հավանականն է, ինչու՞ դրանով չի զբաղվում ԱԱԾ-ն, ռազմական դրության ժամանակ պետական գաղտնիքի ապօրինի արտահոսքի, այլ անձի հասանելի դարձնելու և տարածելու պատճառով։
Գուցե խոսքը ենթադրությո՞ւն է, որովհետև պատգամավորն ասել է նաև «կարծում եմ» բառը։
Բայց պատգամավորի այս ենթադրությունը բարձրաձայնելը արդյո՞ք վնաս չէ Հայաստանին և Արցախին, որևէ մի կառույց զբաղվո՞ւմ է, օրինակ, այդ տեսակ գործիչներով։ Այս դեպքում առավել հետաքրքրական է, Բաբաջանյանի մշտապես արևմտամետ և հակառուս լինելու պարագան։ Պարզ է, չէ՞, եթե նման ենթադրություն անի օրինակ, ինչոր մի փորձագետ, մի բան է, մեկ այլ բան է, երբ այդ ենթադրությունն անում է իշխանությանը մոտ, ֆորմալ անկախ պատգամավորը, որը դրա հետ մեկտեղ հայտնի է որպես հակառուս։ Արդյո՞ք սա խնդիրներ չի առաջացնի մեր դիվանագետների և քաղաքական ղեկավարության մոտ, ռուս գործընկերների հետ հարաբերություններում, բացասական իմաստով։
Ցավոք, նմանատիպ խնդիրները եզակի չեն, և խոսքը միայն Արման Բաբաջանյանի մասին չէ, այլ՝ ընդհանուր իրավիճակի։
Խնդրեմ, պատերազմի օրերին ԱՄՆ մեկնած վարչապետի նախկին խորհրդական Արսեն Խառատյանը․ մյուս հայտնի հակառուսը, որն այս օրերին Ամերիկաներից Ռուսաստանի դեմ ստատուսներ է գրում-ջնջում։ Նոր ստատուս է գրել «Դիվանագիտական ճակատի մեր հերոսների մասին։ Էս պատերազմի ավարտից հետո մեր դիվանագետների աշխատանքը լրջագույն գնահատանքի պիտի արժանացնի պետությունը: Էն հսկայական անտեսանելի գործը, որն առանց շունչ քաշելու արվում ա տարբեր մայրաքաղաքներում իրապես անգնահատելի ա ու դրա մասին հուսամ հանրությունը պատշաճ կտեղեկացվի ապագայում: Փառք ու պատիվ ձեզ, դիվանագիտական բանակ ջան...»։
Արսեն Խառատյանը պաշտոն չունի, ապրում է դրսում, նրա կազմակերպությունը գործունեություն է իրականացնում Վրաստանում, ֆինանսավորվում է Սորոսի հիմնադրամի կողմից, նա, ըստ ամենի, դիվանագիտական փակ աշխատանքների մասին ինֆորմացիա կարող էր ունենալ այնքան, որքան ունի ԱՄՆ-ում բնակվող Վահան ձյաձյան։ Հիմա որտեղի՞ց Խառատյան Արսեն անունով արտագաղթած կերպարին նմանատիպ ինֆորմացիա, ի՞նչ է նրան պետությունը թաքուն դիվանագիտական բանակցային լիազորությա՞մբ է օժտել։ Եթե ոչ, ապա ովքե՞ր են նրան զեկուցում գաղտնի, անտեսանելի բանակցությունների և այլնի մասին։
Այս հարցերը պարտադիր պետք է քննվեն, լուծումներ տրվեն։ Պետք է պարզել, այդ ի՞նչ տեղեկություններ են, որ ստանում են այդ իրավասությունը չունեցող մարդիկ, ո՞վ է նրանց տեղեկացնում, ի՞նչ նպատակով, ի՞նչ նպատակով են նրանք այդ ամենի մասին բարձրաձայնում։ Վաղը, հնարավոր է, այնպիսի տեղեկություններ ասեն, որը կարող է թշնամուն առավելություն տալ ռազմական կամ դիվանագիտական ֆրոնտներում։ Սա պետք է կանխել։
Եթե այդ ամենը սուտ է և երևակայության արդյունք, դա նույնպես պետք է կանխել, կարծում եմ։ Այդ տեսակ բաները, կրկնում եմ, այն էլ այս օրերին, կարող են խնդիրներ առաջացնել, այն գործիչների մոտ, որոնք իրոք լիազորված են դրանցով զբաղվելու և զբաղվում են։
Վարչապետի ու ԱԳ նախարարի խոսնակների արձագանքներից հետո կտեղեկացնենք ընթերցողին, թե ինչո՞ւ նման ակտիվություն ունեն մերձիշխանական գործիչները, պետական թաքուն ինֆորմացիաները հանրայնացնելու մասով»։