Հայաստանում հրեաների նկատմամբ վերաբերմունքը միայն դրական է, որի մասին հնչեցնում ենք լուրջ տեղերում․ Հայաստանում հրեական համայնքի ռաբունապետ
Ադրբեջանական քարոզչամեքենան տարիներ շարունակ միլիոնավոր գումարներ է ծախսում Հայաստանի դեմ ուղղված հակաքարոզչության ու սեփական թեզերն առաջ տանելու համար։ Ադրբեջանի կողմից նման թեզերից մեկն այն է, թե Ադրբեջանը «բազմամշակութային, բազմազգ, տոլերանտ երկիր»՝ ի տարբերություն Հայաստանի։ Քարոզչական պատերազմում օգտագործվում են հայտնի ու անհայտ լոբբիստական կազմակերպություններ, որոնցում առաջին տեղում են գտնվում ամերիկյան լոբբիստները, նաև լրագրողները՝ առաջատար մեդիա հարթակներում տպագրելով հակահայկական, Բաքվի իշխանությունների կողմից ուղարկված, պատրաստված հոդվածներ։
Օրերս Armenian Weekly-ի կողմից հրապարակված «Ի՞նչ կա ադրբեջանամետ բոլոր հոդվածների հետևում» հոդվածում ամենայն մանրամասնորեն ներկայացված էր ԱՄՆ-ի Օտարերկրյա գործակալների գրանցման մասին ակտում (FARA) Ադրբեջանի լոբբիստների կողմից ներկայացրած հայտերը, որոնք ցույց են տալիս, թե ինչպես են նրանք փորձում կապ հաստատել գրեթե բոլոր խոշոր պարբերականների հետ՝ Bloomberg-ից մինչև CNN, Washington Post, Jerusalem Post, New York Times, NBC, Al-Jazeera․․․ և այսպես մի երկար ցուցակ։
Ահա օրերս Jerusalem Post-ում հրապարակվել է հերթական մի հոդված՝ ներկայացնելով, ամփոփ․ «թե որքան երանելի է հրեաների կյանքը Ադրբեջանում՝ կրկին ի հակառակ Հայաստանի, որտեղ տիրում է հակասեմականություն»։ Հոդվածների նման շարքերը ևս մեկ անգամ վկայում են, որ երևի Ադրբեջանում հրեա լինելը և չհետապնդվելը համարվում է լուրջ ձեռքբերում, այնինչ Հայաստանում քննարկման նման թեմա անգամ չկա։
Մի երկու խոսք հոդվածի հեղինակի մասին՝ Ռոման Գուրեվիչ, որը ներկայանում է որպես քաղաքական վերլուծաբան, փորձագետ, Ադրբեջանի ընտրություններում դիտորդ, մի խոսքով, մեկ այլ «Իբրահիմ»։
Հայաստանում հրեական համայնքի ռաբունապետ․ Ցավում եմ, որ այսօր Իսրայելը ներկայացնում են այդ մարդիկ
«Հայաստանում հրեաների նկատմամբ վերաբերմունքը միայն դրական է և այդ մասին հնչում են ավելի լուրջ տեղերում՝ Սպիտակ տանը, Համաշխարհային հրեական կոնգրեսում, Միջեվրոպական պետությունների հրեական կոնգրեսում։ Այսպիսի տեղերում ենք մենք հնչեցնում մեր դիրքորոշումները, որոնք ավելի կարևոր են, քան ինչ-որ մի սրիկայի գրածները Jerusalem Post-ում»,-Panorama.am-ին ասաց Հայաստանում հրեական համայնքի ռաբունապետ Գերշոն Մեիր Բուրշտեյնը։
Անդրադառնալով Իսրայելի կողմից հումանիտար օգնություն տրամադրելուց Հայաստանի հրաժարվելուն, ռաբունապետն ասաց, որ իրենք կողմ են այդ դիրքորոշմանը։
Հիշեցնենք, որ Jerusalem Post-ին տված հարցազրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ի պատասխան Իսրայելի կողմից Հայաստանին առաջարկված հումանիտար օգնության, ասել էր․ «Առաջարկում եմ, որ Իսրայելն իր մարդասիրական օգնությունն ուղարկի վարձկաններին ու ահաբեկիչներին՝ որպես իր գործունեության տրամաբանական շարունակություն»։
«Հրեական համայնքն առաջիններից մեկն էր, որ դիմել էր Իսրայելի ղեկավարությանը՝ կանգնեցնելու զենքի վաճառքը (Ադրբեջանին-խմբ․): Սա արվում է ոչ միայն դրսից, այլ նաև ներսից՝ հենց Իսրայելում հայ երիտասարդների կողմից։ Ցավում եմ, որ այսօր Իսրայելը ներկայացնում են այդ մարդիկ»,-ասում է ռաբունապետ Գերշոն Մեիր Բուրշտեյնը, քննադատելով Իսրայելի իշխանություններին ու ասելով, որ նմանը՝ նմանին է գտնում։
Ըստ ռաբունապետի երկրորդ կարևոր հանգամանքն այն է, որ ԱՄՆ-ում հրեական համայնքն ավելի մեծ է, քան Իսրայելում և իրենք իրենց չեն ասոցացնում Իսրայելի կառավարության հետ, այլ հրեա ժողովրդի հետ։
«Ժողովուրդը և ղեկավարությունը տարբեր բաներ են։ Ցավ եմ ապրում, որ այդպիսին է այսօրվա Իսրայելի ղեկավարությունը։ Սա ոչ միայն ես եմ ասում, այլ շատ հրեաներ, որ ապրում են նաև Իսրայելում»,-ասաց ռաբունապետ Գերշոն Մեիր Բուրշտեյնը։
Ռաբունապետը նշեց, որ 2000թ․-ին ինքն առաջիններից մեկն էր, որ Իսրայելի նախագահին դիմեց, որ Իսրայելը պարտավոր է՝ որպես պետություն, ճանաչելու Հայոց ցեղասպանությունը, որը կրկնեց 2005թ․-ին Իսրայելի գլխավոր ռաբունապետը, «բայց ցավոք այսօր մեծ ճեղք կա հրեաների ու իսրայելցիների միջև»։
«Հրեան պետք է Աստծով տրված ճշմարտությունը, բարօրությունը, խաղաղությունը տարածի այս աշխարհում», -ասաց Գերշոն Մեիր Բուրշտեյնը, հավելելով, որ հակառակը Իսրայելի այսօրվա այն ղեկավարներն են, որոնք գնում են այլ ճանապարհներով, որը խորթ է հրեա ժողովրդի համար։
Հայաստանում հակասեմականության մասին խոսելն ուղղակի ծիծաղելի է
«Հայաստանում հակասեմականության մասին խոսելն ուղղակի ծիծաղելի է։ Այստեղ երբեք չի եղել հակասեմականություն, երբեք չի եղել հրեաների հետապնդում»,-Panorama.am-ին ասաց «Հայաստանի հրեական համայնք» հասարակական կազմակերպություն ղեկավար Ռիմա Վարժապետյանը։
Ռիմա Վարժապետյանը, սակայն, մտահոգություն հայտնեց, որ Իսրայելի կողմից Ադրբեջանին զենքի մատակարարման հետ կապված վերաբերմունքը Իսրայելի, հրեաների նկատմամբ որոշակի փոփոխվել է։
Ռիմա Վարժապետյանը նշում է, որ Հայաստանում հակասեմականության մասին հրապարակումները հիմնականում ադրբեջանական լոբբիստներն են կազմակերպում, որոնք «վճարել են ամեն ինչ ու բոլորին»։
«Իհարկե մենք հերքել ենք ու հերքում ենք այդ ամենը, բայց ես ասեմ, որտեղ հրեան, այնտեղ հակասեմականությունը։ Սա կարծես հրեայի շողքը լինի»,-ասում է «Հայաստանի հրեական համայնքի» ղեկավարը։
Ռ․Վարժապետյանը նշեց, որ հայաստանում հրեաների շրջանում շատ են խառնամուսնությունները և իրենց նկատմամբ վերաբերմունքը մշտապես եղել է լավ, տոլերանտ։
«Մարդիկ իրենց այստեղ լավ են զգում, հանգիստ, զբաղեցնում են պաշտոններ։ Ոչ մի հակասեմականության մասին խոսք չկա»,-ասում է Ռ․Վարժապետյանը։
Հայաստանում կա 11 ազգային համայնքներ, որոնցից է նաև հրեական համայնքը, որոնց տրվում է նաև պետական աջակցություն, լինում են հատկացումներ փառատոնների, ծրագրերի իրականացման համար։ Հրեական համայնքն Հայաստանում ունի մշակութային կենտրոն, կիրակնօրյա դպրոց, գրադարան, թերթ է հրապարակվում։