HALO. Արցախում երեխաները հատկապես խոցելի են, կլաստերային զենքերը դաժան նմանություն ունեն խաղալիքներին
HALO կազմակերպությունն այս օրերին Արցախում շարունակում է ականազերծման աշխատանքները։ Անցած շաբաթ կազմակերպության աշխատակիցները միայն Ստեփանակերտում 150 պայթուցիկ սարք են անվտանգ կերպով ոչնչացրել։
«Լեռնային Ղարաբաղում փողոցները հիմա լի են ռումբերի խառնարաններով, այրված մեքենաներով, ավերված շենքերով։ Մենք տեղում ենք»,- գրել է կազմակերպությունը թվիթերի իր միկրոբլոգում։
Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանն ընդգծում է՝ HALO-ն Արցախում մարդասիրական հսկա աշխատանք է կատարում՝ փրկելով կյանքեր։
The @HALO_NK does a great #humanitarian job in #Artsakh/#Karabakh saving lives.
— Artak Beglaryan (@Artak_Beglaryan) November 2, 2020
Last week, their team safely destroyed over 150 explosive items used by #Azerbaijan. https://t.co/pdxvY2HyRd
«Արդեն հինգ շաբաթ է անցել այն օրից, երբ Լեռնային Ղարաբաղում պայթեց վերջին տասնամյակների ամենավատ պատերազմը, ԼՂ-ում իրավիճակը հուսահատեցնող է։ Տասնյակ հազարավոր մարդիկ լքել են իրենց տները՝ թողնելով իրենց ունցածն ու ապրուստի միջոցները։ 30-40 հազար մարդիկ, որոնք մնացել են Ղարաբաղում, ամեն օր պայքարում են իրենց կյանքի համար նեղ ապաստարաններում, որտեղ սարսափելի վտանգ են ներկայացնում ռումբերն ու կորոնավիրուսը։ Քաղաքացիական բնակավայրերում հայտնաբերվել են կասետային ռումբեր, զինամթերք, երբեմնի մաքուր փողոցներն այսօր լցված են ռումբի խառնարաններով, այրված մեքենաներով ու գնդակոծված շենքերով»,- նկարագրվում է կազմակերպության պաշտոնական էջում հրապարակված հոդվածում։
Մինչ պատերազմի բռնկումը կազմակերպությունն աշխատում էր Ղարաբաղի ժողովրդին անվտանգ պահելու համար։ Հիմա էլ կազմակերպության աշխատակիցներն Արցախում են, օգնում են Արտակարգ իրավիճակների պետական ծառայության աշխատակիցներին։ Միայն վերջին հինգ օրերին օգտագործելով իրենց փորձն ու սարքավորումները՝ կարողացել են 150 պայթուցիկ սարք անվտանգ կերպով ոչնչացնել։
«Մենք բջջային կապի միջոցով իրական ժամանակում ստանում ենք խորհուրդներ մեր միջազգային փորձագետներից»,- նշում են կազմակերպությունից։
Երբ հրետակոծությունը դադարում է կազմակերպության աշխատակիցները քաղաքացիական բնակչության համար անհրաժեշտ պարագաներ են առաքում ապաստարաններ, այդ թվում հիգիենայի պարագաներ, վառելիք ու ծածկոցներ՝ նվազեցնելու COVID-19-ի տարածումը։ Բացի այդ, ռիսկերի ուսուցման թիմի անդամներն իրենց ձեռքով ուսումնական նյութեր են բաժանում քաղաքացիներին, թե ինչպես պետք է ապահով մնալ, մինչև ամբողջական ականազերծումը հնարավոր լինի։
«Մեծահասակներից շատերը գիտեն ականների վտանգների մասին, բայց նրանք նախկինում չեն տեսել կասետային զենքերի նոր տեսակները։ Երեխաները հատկապես խոցելի են։ Կլաստերային զենքերը դաժան նմանություն ունեն խաղալիքներին, ինչը շարժում է երեխաների հետաքրքրասիրությունը»,- ասված է հոդվածում։
Լեռնային Ղարաբաղում ապրող ընտանիքներն արդեն տեսել են 1988-1994 թվականների պատերազմի հետևանքով մնացած ականների մահացու հետևանքները, երկար տարիներ տառապել դրանից։ Բայց նրանք սկսել էին վերակառուցել իրենց կյանքը։
HALO-ն մոտ 20 տարի մաքրել էր ականապատ տարածքները, դրանք վերափոխվել էին բերքառատ դաշտերի, երեխաները կարող էին անվտանգ խաղալ, կյանքը վերականգնվում էր։
«Երբ հրադադար հաստատելուն ուղղված ջանքերը շարունակում են ձախողվել, այսօր առավել քան երբևէ, Ղարաբաղի ժողովուրդը ձեր աջակցության կարիքն ունի»,- նշում է կազմակերպությունը, որի պաշտոնական էջում Արցախն անվտանգ դարձնելու համար դրամահավաք է իրականացվում։
Հարակից հրապարակումներ`
- Արցախում ականազերծման ծրագիրը դադարեցված է, սակայն պայքարն այն վերականգնելու համար շարունակվում է
- Թրամփի վարչակազմը որոշեց կրճատել Արցախում իրականացվող ականազերծման ծրագիրը
- HALO Trust-ը՝ Ղարաբաղում ականազերծման ծրագրի կարևորության մասին
- Կոնգրեսականները կոչ են անում Թրամփի վարչակազմին շարունակել Արցախի ականազերծման ծրագիրը
- Սյունիքում ականազերծում են տարածքները