Զոհրաբ Մնացականյան. Մենք պետք է մեր հայրենակիցների արյունը փոխհատուցենք ազատությամբ
ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունել է Հայկական բարեգործական ընդհանուր միության Եվրոպայի գրասենյակի կողմից նախաձեռնված «Եվրոպայի երիտասարդությունը հանուն Արցախի անկախության ճանաչման» ծրագրի մասնակիցներից, ԵՄ գործող և նախկին պատգամավորներից, օտարերկրյա լրագրողներից կազմված պատվիրակությանը։
Նախարարության պաշտոնական էջում հրապարակված հաղորդագրության համաձայն, նախարար Մնացականյանը նշել է, որ Արցախի համար այս դժվարին ժամանակաշրջանում նման ներկայացուցչական պատվիրակության այցն անչափ կարևոր է՝ որպես արցախահայությանը ցուցաբերվող զորակցության և համերաշխության դրսևորում:
Զոհրաբ Մնացականյանը ներկաներին իրազեկել է Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնամասշտաբ ագրեսիայի ընթացքի վերաբերյալ, որն ուղեկցվում է պատերազմի հանցագործություններով և արցախահայության ֆիզիկական բնաջնջմանը միտված գործողություններով:
Նախարարը հանգամանալից տեղեկատվություն է տրամադրել Ադրբեջանի զինված ուժերի կողմից խաղաղ բնակչության անընդմեջ թիրախավորման, քաղաքացիական բնակավայրերի և օբյեկտների հրետակոծմանը զուգահեռ արգելված զինատեսակների կիրառմամբ անտառածածկ տարածքների միտումնավոր հրդեհման փաստերի վերաբերյալ:
ԱԳ նախարարը հյուրերի ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանի կողմից վարվող ռազմական գործողություններին անմիջական ներգրավվածություն ունեցող Թուրքիայի ապակայունացնող դերակատարության վրա, որն արտահայտվում է նաև վերջինիս կողմից Մերձավոր Արևելքից օտարերկրյա զինյալ ահաբեկիչների հավաքագրմամբ և հակամարտության գոտում տեղակայմամբ:
«Ադրբեջանը վերածվել է Հարվային Կովկասում ահաբեկչության կենտրոնի, ահաբեկչություն հովանավորող պետության»,- ընդգծել է ՀՀ ԱԳ նախարարը:
Անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների միջնորդությամբ կրակի դադարեցման շուրջ ձեռքբերված համաձայնություններին՝ նախարար Մնացականյանը նշել է, որ Ադրբեջանի խուսափելն իր կողմից ստանձնած պարտավորությունների կատարումից ևս մեկ անգամ փաստում է հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու վերջինիս անկարողության մասին:
Նախարար Մնացականյանը պատասխանել է հանդիպման մասնակիցների բազմաթիվ հարցերին: Ի պատասխան հետագա զարգացումների վերաբերյալ հարցին՝ նախարար Մնացականյանն առանձնահատուկ ընդգծել է. «Սա ազատության համար մղվող պատերազմ է: Մենք պետք է մեր հայրենակիցների արյունը փոխհատուցենք ազատությամբ»:
Հարակից հրապարակումներ`
- Զոհրաբ Մնացականյան.Մեր դիրքորոշումն անփոփոխ է, և մենք կողմնակից ենք դիտորդների տեղակայմանը
- Կանադայի ԱԳ նախարարը Մնացականյանի հետ զրույցում կարևորել է վերիֆիկացիոն մեխանիզմների ներդրումը
- Զոհրաբ Մնացականյան. Այն, ինչ հիմա անում է Ադրբեջանը, անհարգալից վերաբերմունք է իր պարտավորությունների նկատմամբ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին