Ես դեռ առաջնագիծ մեկնելու պլաններ չունեմ, երբ անհրաժեշտություն լինի, պատրաստ եմ. Բադասյան
«Այս շրջանում մեր հետաքրքրությունների ու առաջնահերթությունների հարցը չի կարող լինել ՍԴ աշխատակազմի ղեկավարի հարցը։ Չունեմ մեկնաբանություն»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ անդրադառնալով ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանի հայտարարությանը, թե հակասահմանադրական ու հակաօրինական գործընթացների հետևանքով, ռազմական դրության պայմաններում իրեն ազատել են պաշտոնից։
Դիտարկմանը, որ երեկ ՄԻՊ Արման Թաթոյանը դիմել է ՍԴ՝ ռազմական դրությամբ պայմանավորված ԶԼՄ-ների հետ կապված սահմանափակումների սահմանադրականության հարցով, Ռուստամ Բադասյանն արձագանքեց՝ դեռ ծանոթ չէ ՄԻՊ դիմումին։
«Որքան ծանոթ եմ պարոն Թաթոյանի հայտարարությանը, ավելի շատ բարձրաձայնվում է իրավունքների սահմանափակման ծավալի համաչափության հարցը, այլ ոչ ինքնին նշված սահմանափակումների իրավաչափությունը։ Անպայման կծանոթանանք դիմումին...։ Բանն այն է, որ կարգավորման նպատակը հենց խոսքի ազատության վրա ուղիղ ազդեցություն ունենալն է, քանի որ սահմանադրությամբ նախատեսված կարգավորումը թույլ է տալիս, որ և՛ արտակարգ և՛ ռազմական դրության ընթացքում խոսքի ազատությունը սահմանափակվի։
Բնականաբար, ռազմական դրության ընթացքում խոսքի ազատության սահմանափակման կանոնակարգումները խիստ անհրաժեշտ են»,- նշեց նախարարը։
Հարցին, որ արդեն երկրորդ գերեվարված սիրիացի վարձկանն է հարցաքննվել, միջազգային իրավունքի առումով սա ՀՀ-ին ի՞նչ է տալիս, Ռուստամ Բադասյանը պատասխանեց՝ սա ձեռք բերված փաստացի ապացույց է, որ հակամարտության գոտում կան վարձկաններ։
«Երեք պետության ղեկավարներ և ԱԳՆ-ներ ընդունել են, որ հակամարտության գոտում կան սիրիացի վարձկաններ, և սա կարող է առաջացնել բավականին շատ հետևանքներ։ Նախ միջազգային կոնվենցիաներով նախատեսվում են որոշակի ընթացակարգեր։ Օրինակ, եթե պարզվի, որ այն պետությունները, որոնք ունեն պարտավորություններ՝ FAF-ի շրջանակում ահաբեկչության դեմ պայքարելու, ֆինանսավորել են ահաբեկչությունը, կամ զինել վարձկաններին, բավականին լուրջ հետևանքներ կլինեն՝ բազմաթիվ կոնվենցիաների շրջանակներում»,- ներկայացրեց նա։
Ճշտող հարցին, թե կա՞ն Հաագայի դատարանին դիմելու հիմքեր, Ռուստամ Բադասյանը պատասխանեց՝ հորդորելով չշտապել։
Դիտարկմանը, որ այս օրերին ՔՊ-ն ջոկատներ է ձևավորում, արդյո՞ք ինքը չի պատրաստվում մեկնել ճակատ կամ ջոկատ ձևավորել՝ նախարարության կազմով, արդարադատության նախարարն արձագանքեց՝ բազմաթիվ քրեակատարողական ծառայողներ զինվորագրվել են հայրենիքի պաշտպանությանը.
«Մենք ունենք մեր պլաններն ու ըստ անհրաժեշտության գործում ենք։ Ես դեռ առաջգագիծ մեկնելու պլաններ չունեմ, երբ անհրաժեշտություն լինի, պարտաստ եմ հայրենիքի պաշտպանությանը մասնակցելու այն ծավալով, որով անհրաժեշտ լինի»։
Հարցին՝ եթե կալանավորները ցանկություն հայտնեն առաջնագիծ մեկնելու, նրանց նման հնարավորություն կընձեռվի՞, Ռուստամ Բադասյանը պատասխանեց՝ կալանավորների խափանման միջոցը փոխելու պարագայում՝ այո։
«Դա գլխավոր դատախազության տիրույթում է, քանի որ կալանքի փոփոխման միջնորդություն պետք է լինի, ապա դատարանում քննվի։ Նման գործընթացներ արդեն կան։ Մենք կողմ ենք ցանկացած անձի ազնիվ մղմանը, եթե դա օգուտ կտա հայրենիքի պաշտպանությանը»,- նշեց նա։
Հարակից հրապարակումներ`
- Էդգար Ղազարյանն ազատվել է ՍԴ աշխատակազմի ղեկավարի պաշտոնից
- «Հրապարակ». ՔՊ ջոկատը Սյունիքում է, վարժանքներ կանցկացնեն
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա