Համավարակով և ռազմական դրությամբ պայմանավորված ԱԺ-ում պարգևավճարներ չեն եղել. Լիլյա Սիրականյան
«Որո՞նք են խոշորագույն կրճատումները, որ եղել են ԱԺ 2020 թվականի ընթացիկ բյուջեում»,- խորհրդարանում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանը՝ դիմելով ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Լիլյա Սիրականյանին։
Պատասխանելով պատգամավորի հարցին՝ նա նշեց, որ երկու անգամ խոշոր վերանայումներ են եղել, որոնցից առաջինը տեղի է ունեցել համավարակի ընթացքում. այդ ժամանակ ԱԺ աշխատակազմը պահուստային ֆոնդ է վերաբաշխել 503 մլն դրամ. «Այստեղ ամենամեծ բաժինը պարգևատրումներինն է, գործուղումներից ևս բավականին մեծ գումար է վերադարձվել»։
ԱԺ ընթացիկ բյուջեում երկրորդ մեծ վերաբաշխումը, ըստ Լիլյա Սիրականյանի, ռազմական դրությամբ պայմանավորված է եղել։ Մասնավորապես, պահուստային ֆոնդ է վերաբաշխվել 108 մլն 500 հազար դրամ. «Սա արդեն տեղի է ունեցել շենքային պայմանների բարելավման հոդվածից և ԱԺ դերի բարձրացման միջոցառումներից»։
ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալը տեղեկացրեց, որ 2020 թվականի ընթացիկ կատարման մասով էլի տնտեսումներ կան, որոնք այս պահին դեռևս չեն վերադարձվել պահուստային ֆոնդ։
«Թերևս պետք է նշեմ, որ ամենամեծը կրկին պարգևատրումների ֆոնդն է, ունենք շուրջ 252 մլն դրամ չօգտագործված գումար։ Այս գումարը խնայվել է՝ հաշվի առնելով հանգամանքը, որ թե՛ համավարակով, թե՛ ռազմական դրությամբ պայմանավորված, ԱԺ աշխատակիցները և պատգամավորները պարգևավճարներ չեն ստացել»,- ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- Մենք պետք է ունենանք հնարավորինս իրատեսական բյուջե այն պահի դրությամբ երբ այն հաստատվի. Արկադի Խաչատրյան
- Պարգևավճարները պետք է լինեն. ՊԵԿ նախագահ
- Աշխատանքի վարձատրության ֆոնդը աճում է ընդամենը 2.8%-ով, պարգևավճարներինը՝ 1.04%-ով. Արտակ Մանուկյան
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին