Արտակ Բեգլարյան. Ադրբեջանի կողմից վնասվել են Արցախի դպրոցների 27-28 տոկոսը
«Արցախի խաղաղ բնակավայրերի ու բնակիչների վրա Ադրբեջանի զինված ուժերի հարձակումների մի մասն իրականացվել է կասետային զինամթերքներով»,- լրագրողների հետ հանդիպմանն այսօր հայտարարեց Արցախի Հանրապետության ՄԻՊ Արտակ Բեգլարյանը։
Նա մանրամասնեց, դրանք մարդասիրական միջազգային իրավունքով ու սովորութային իրավունքով արգելված զինատեսակ են՝ հատկապես քաղաքացիական օբյեկտների շրջակայքում կիրառելու առումով, քանի որ ունի ազդեցության բավականին լայն շրջանակ։
«Քաղաքացիների զգալի մասը վիրավորվել ու զոհվել է կասետային զինատեսակների կիրառման հետևանքով»,- ասաց նա։
Բեգլարյանի հրապարակած տվյալների համաձայն, պատերազմի ընթացքում առնվազն 46 քաղաքացիական անձ է զոհվել, 144-ը՝ վիրավորվել:
«Այն բնակավայրերում, որտեղ մուտք են գործել ադրբեջանական զինված ուժերը կամ դիվերսիոն խմբերը, չենք կարողացել մինչև վերջ պարզել տվյալները, քանի որ ռազմական գործողություններ են ընթանում։ Այս դեպքերը դեռևս արձանագրված չեն, հաշվարկված չեն նշված վիճակագրության մեջ»,- ասաց Բեգլարյանը։
Նախնական ու համեստ հաշվարկներով, Ադրբեջանի կողմից հրթիռակոծության, ռմբակոծության հետևանքով վնասվել է ավելի քան 13.800 անշարժ մասնավոր գույք՝ հիմնականում բնակարններ ու տներ, ավելի քան 3100 ենթակառուցվածքներ՝ հանրային և արտադրական նշանակության օբյեկտներ, այդ թվում՝ էլեկտրակայաններ, ջրամատակարարման ու գազամատակարարման խողովակներ, կամուրջներ, դպրոցներ, եկեղեցին, մանկապարտեզներ, մշակութային օջախներ և այլն, վնասվել է առնվազն 2100 մեքենա կամ շարժական գույք։
ՄԻՊ-ն ասաց, Արցախի կրթության և գիտության նախարարությունից ցանկ է ստացել, ըստ որի, նոյեմբերի 2-ի դրությամբ վնասվել է 61 դպրոց՝ այսինքն՝ Արցախի դպրոցների 27-28 տոկոսը, 10 մանկապարտեզ։
Արցախի օմբուդսմենն ընդգծեց՝ Ադրբեջանի կողմից թիրախավորվում են նաև հումանիտար աշխատանքներ իրականացնող մարմինները, դրանց շենքերն ու աշխատակիցները, որոնք գտնվում են մարդասիրական միջազգային իրավունքի հատուկ պաշտպանության ներքո։
«Ի հեճուկս դրա, պատերազմի հենց առաջին օրից Ադրբեջանը թիրախավորում է այս օբյեկտները։ Վերջին օրերին ևս նման դեպքեր գրանցվել են, վերջին վառ օրինակը երեկ Ստեփանակերտի մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնի հարակից հատվածում հրթիռակոծության դեպքն է, բավականին ցցուն օրինակ է, հոկտեմբերի 27-ին ծանր ու գերճշգրիտ հրթիռով ծննդատան թիրախավորումը»,- ասաց Բեգլարյանը։
Նա նաև հիշեցրեց, Ասկերանում նոյեմբերի մեկին էլ անօդաչու թռչող սարքի կողմից թիրախավորվել է հրշեջ մեքենա, որն այդ պահին խմելու ջուր էր տեղափոխում գյուղերում ապրող բնակիչների համար։
Հարակից հրապարակումներ`
- Արտակ Բեգլարյան. Շուշիում կան վիրավորներ
- Արցախի առնվազն 1815 հա անտառների հրդեհումը պատերազմական հանցագործություն է. Արցախի ՄԻՊ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին