Նիդերլանդների խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի հատուկ նիստի գլխավոր հյուրն էր Արցախի ՄԻՊ-ը
Նոյեմբերի 4-ին տեղի է ունեցել Նիդերլանդների խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի հատուկ նիստը՝ նվիրված ադրբեջանա-թուրքական ագրեսիային, որի գլխավոր հյուրն էր Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը: Այս մասին հայտում է Արցախի ՄԻՊ գրասենյակը։
Նիստը առցանց եղանակով էր, որը վարում էր հանձնաժողովի փոխնախագահ՝ Քրիստոնեական Միություն կուսակցության արտաքին քաղաքական հարցերով խոսնակ՝ Ջոել Ֆորդևինդը: Ներկա էին պատգամավորներ, տարբեր կուսակցությունների ներկայացուցիչներ, նաև խորհրդարանի աշխատակազմի անդամներ:
Նիստը բացել է հայկական կազմակերպությունների ֆեդերացիայի քարտուղար Ինգե Դրոստը, ով ներկայացրել է ագրեսիայի հետևանքները և շեշտադրել Թուրքիային ու Ադրբեջանին անմիջապես կանգնեցնելու և պատժամիջոցներ կիրառելու անհրաժեշտությունը:
Այնուհետև հիմնական զեկույցով հանդես է եկել Արտակ Բեգլարյանը, որը ուշադրություն հրավիրել է խորացող հումանիտար աղետի, մարդկության դեմ ու պատերազմական հանցագործությունների վրա: Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծել է, որ միջազգային հանրությունը պարտականություն ունի գործնական միջոցներով սանձելու թուրք-ադրբեջանական ագրեսիան, որը հանգեցրել է լրջագույն մարդասիրական աղետի Արցախում: Ավելին, միջազգային հանրության պարտավորությունների մեջ է մտնում երաշխավորելու մարդու իրավունքների պաշտպանությունը աշխարհի բոլոր անկյուններում, ներառյալ՝ Արցախում՝ անկախ միջազգային կարգավիճակից:
Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիայի պատճառների և հետևանքների մասին ելույթ է ունեցել Հայաստանի Հանրապետության դեսպան Տիգրան Բալայանը:
Նիստի մասնակիցները համակարծիք են եղել ռազմական գործողությունների շուտափույթ դադարեցման և պատերազմական հանցագործությունների հեղինակներին պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտության հարցում։
Հարակից հրապարակումներ`
- Արցախի դեմ հարձակվող ահաբեկիչները պատրաստվում են իրենց գործողությունները շարունակել այլ երկրներում. ՄԻՊ
- Թշնամու նպատակն է արգելված զինատեսակներով էլ ավելի մեծ վնաս հասցնել խաղաղ բնակավայրերին. ՄԻՊ
- ՄԱԿ-ը ենթադրաբար որպես ռազմական հանցագործություն է որակել Հադրութում 2 հայ գերիների սպանությունը. ՄԻՊ
- Ադրբեջանի կողմից Արցախում սպանվել է առնվազն 46 և վիրավորվել՝ 142 քաղաքացիական անձ. Արցախի ՄԻՊ
- Նիդերլանդներում կառավարությունից, խորհրդարանից պահանջում են դատապարտել հայերի նկատմամբ Ադրբեջանի ռազմական հանցագործությունները
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին