Թուրքիան կարող է Արաքս գետի հոսքը ձգտեցնել զրոյի. Վաչե Տերտերյան
«Թուրքիան Արաքս գետի վրա շատ ջրամբարներ է կառուցել, եթե բաց սցենարով նայենք, նա կարող է ամբողջ գետի հոսքը ձգտեցնել զրոյի՝ ձմեռը ջուրը բաց թողնելով և ամառը հավաքելով ջրամբարներում»,-Աժ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2021 թվականի բյուջեի քննարկման ժամանակ հայտնեց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյան: Ըստ փոխնախարարի, նման զարգացումների դեպքում Հայաստանը մեծ պրոբլեմ կունենա, քանի որ այդ ուղղությունից 50/50 հարաբերակցությամբ երկու ջրի աղբյու կա՝ Ախուրյան գետը և Արաքսի վրա Ղարաղալայի ջրահանգույցը: Վաչե Տերտերյանի խոսքով, եթե Արաքսի հատվածից լինի ջրի սակավություն, ապա ամբողջ Արմավիրի մարզը պետք է անցնի Ախուրյանի ջրի հոսքի օգտագործմանը, որը լուրջ խնդիր կառաջացնի:
Փոխնախարարը հայտնեց, որ այդ դեպքում լուծումը կարող է լինել խորքային հորերի շահագործումը, որը շատ ցանկալի չէ ոչ միայն ծախսատար լինելու, այլև՝ էկոլոգիական իմաստով:
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալը կարևորեց ջրի ամբողջ մակերևութային հոսքի կառավարումը, բայց նկատեց, որ դրա համար անհրաժեշտ են համապատասխան ռեսուրսներ: Վերջինս շեշտեց, որ Թուրքիան էապես բարձրացրել է Արաքսի հոսքի կառավարելիությունը:
Նա պատգամավորներին տեղեկացրեց, որ գործադիրում որոշակի վիճակով կա առնվազն 4 ջրամբարի նախագիծ և պետք է գտնել միջոցներ դրանք իրականացնելու համար:
Նախատեսված ջրամբարներից երկուսը Սևանի մոտ է, մեկը՝ Թալին-Մաստարա հատվածում և մեկն էլ դրանից ներքև: Նրա խոսքով, պատեհ առիթի դեպքում կսկսեն շինարարությունը, որը նաև Սևանի հոգսը կթեթևացնի:
Վաչե Տերտերյանը նկատեց, որ հնարավորություն կա դիտարկել նաև Եղվարդի ջրամբարի տարբերակը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան