Ճգնաժամի պայմաններում ծախսերի կրճատման հարց քննարկելը հիմնավորված չէ. Ջանջուղազյան
«Հաշվի առնելով մի կողմից համավարակը, մյուս կողմից պատերազմը, կարծում եմ, որ 2021 թվականի պետբյուջեից մեր ծախսերը պետք է լինեն խնայողաբար։ Խոսքս առաջին հերթին վերաբերում է վարչական ծախսերին և այն մարմիններին, որտեղ լինում են ծախսեր նաև միջոցառումների և թանկարժեք գնումների համար»,- այսօր խորհրդարանում 2021 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը։
Դիմելով ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանին, պատգամավորը հետաքրքրվեց՝ արդյոք վերոնշյալ ծախսերի էական կրճատումներ լինելու են։
Պատասխանելով հարցին՝ նախարարն ասաց, որ առաջին պնդման հետ համաձայն չէ, քանի որ հարկաբյուջետային քաղաքականության տրամաբանությունը ճիշտ հակառակն է՝ վերականգնման միջավայր ստեղծելու տեսակետից, ճգնաժամի պայմաններում ծախսերի կրճատման հարց քննարկելը հիմնավորված չէ։
«Համաշխարհային փորձն էլ է ցույց տալիս, որ ճգնաժամի ազդեցությունը մեղմելու և վերականգնում ապահովելու ճանապարհը ծախսերի ընդլայնումն է։ Մենք նաև 2020-ին չենք առաջարկել ծախս կրճատել, ընդհակառակը՝ առաջարկել ենք պահպանել եղած մակարդակը։ Իսկ 2021-ի համար ծախսերի երկու խմբի համար էլ կիրառել ենք այն մոտեցումը, ինչը հարկաբյուջետային տեսանկյունից կարող է լավագույնը լինել»,- նշեց նա։
Ինչ վերաբերում է հարցի երկրորդ մասին, թե արդյոք ծախսերի մեջ կլինեն այնպիսիք, որոնք անհրաժեշտ կլինի վերաբաշխել, ապա ֆինանսների նախարարը նշեց՝ նման վերաբաշխումներ տեղի են ունենում նաև այսօր։
«Ակնհայտ է, որ այդպիսի անհրաժեշտություն կարող է առաջանալ նաև հաջորդ տարի, և բոլոր այն դեպքերում, երբ լինեն ռիսկեր, ապա բնական է, որ պայմանական միջոցառումներից մեկը հենց ծախսերի վերանայումն է լինելու։ Այսօր էլ մենք ունենք նախագիծ, որով նվազեցնում ենք ծախսային այն միջոցառումների համար նախատեսված միջոցները, որոնք այս պահին այդքան էլ առաջնային չեն գնահատվում»,- ներկայացրեց Ատոմ Ջանջուղազյանը։
Հարակից հրապարակումներ`
- 2021-ի բյուջեից ՏԿԵ նախարարությանը կհատկացվի 210 մլրդ 87 մլն դրամ գումար
- 2021-ի բյուջեով պարգևավճաների համար 18 միլիարդ 825 միլիոն դրամ է նախատեսված. պատգամավոր
- ԱԺ-ն սկսեց 2021 թ պետական բյուջեի քննարկումը
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին