
Արցախցիների սոցիալական սպասարկման համար Երևանում օպերատիվ շտաբ է գործում. Արայիկ Հարությունյան
«Հայաստանի Հանրապետություն ժամանակավորապես տեղափոխված՝ Արցախի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ, Ադրբեջանի կողմից Արցախի դեմ հրահրված այս պատերազմական իրավիճակում ձեր սոցիալական ու վարչական սպասարկման (սոցիալական վճարների ստացում, փաստաթղթերի գրանցում և այլ ծառայություններ) ու տարաբնույթ աջակցության ապահովման նպատակով, հանձնարարականիս համաձայն, Երևանում օպերատիվ շտաբն արդեն իրականացնում է իր լիարժեք աշխատանքները, որը համակարգում է ԱՀ աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար Միքայել Վիրաբյանը»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։
Նա նշել է, որ գլխամասային գրասենյակը գտնվում է Շենգավիթ վարչական շրջանում՝ Գարեգին Նժդեհի 23/1 հասցեում: Գործում է թեժ գիծ (010) 59-03-39 և հեռախոսահամար՝ 81-38։
«Այս օպերատիվ շտաբը սերտ համագործակցում է ՀՀ պատկան մարմինների հետ՝ տեղում համակարգելու Արցախի Հանրապետության քաղաքացիների կարիքների գնահատման ու բավարարման աշխատանքները:
Առիթից օգտվելով՝ իմ խորին շնորհակալությունն եմ հղում նաև Հայաստանի Հանրապետության մեր քույր-եղբայրներին և ՀՀ կառավարությանը՝ այս ընթացքում ցուցաբերած և շարունակվող սրտացավ ու գործուն աջակցության համար»,- գրել է նա։
Հարակից հրապարակումներ`
- Ստեփանակերտի բնակիչներին տրամադրվում է գույքահարկի զրոյական տեղեկանքներ
- Արցախցիների թոշակների և նպաստների վճարումն ընթացիկ ամսվա կտրվածքով 90%-ով վճարվել է