ԱԳ փոխնախարար. Քննարկվում է Արևելյան գործընկերությունում Ադրբեջանի մասնակցության հեռանկարները
Արցախա-ադրբեջանական հակամարտության հետ կապված ՀՀ արտաքին գործերի նախարարությունն ամենօրյա կապի մեջ է թե Բրյուսելի, թե եվրոպական մյուս մայրաքաղաքների հետ, աշխատում է մի քանի ուղղությամբ՝ Արցախի Հանրապետության անկախության ճանաչումից մինչև հումանիտար օգնություն ու պատժամիջոցներ։ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ասաց արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը։
Նրա խոսքով, հումանիտար օգնությունը պետք է լինի շատ հասցեական, վերաբերի տեղահանված մեր հայրենակիցներին, որոնց թիվը բավականին մեծ է։ Ըստ փոխնախարարի, այսօր կամ վաղը կամփոփվի այն փաստաթուղթը, որը կօգնի իրենց տրամադրվող մարդասիրական օգնությունը դարձնել ավելի հասցեական, ինստիտուցիոնալ։
Ինչ վերաբերում է Ադրբեջանի դեմ պատժամիջոցներին, Ավետ Ադոնցն ասաց, որ Արևելյան գործընկերության շրջանակում գործընկերների հետ ամենօրյա ռեժիմով քննարկում են ընդհանրապես Արևելյան գործընկերության ապագան, դրանում Ադրբեջանի մասնակցության հեռանկարները, քննարկում են նաև իրավական փաստաթղթերը, որոնք գտնվում են ԵՄ-ի հետ բանակցային գործընթացում, այդ բանակցությունների սառեցման հնարավորությունը և այլ տեսակի հնարավոր սանկցիաներ։
«Չէի ասի, որ որևէ համաձայնություն կա կամ արդեն իսկ ձեռք է բերվել, բայց միանշանակ կարող եմ նշել, որ այդ հարցը քննարկվում է բոլոր մակարդակներում»,- ընդգծեց ՀՀ ԱԳ փոխնախարարը։
Ինչ վերաբերում է Արցախի Հանրապետության անկախության ճանաչմանը, նա նշեց, որ ՀՀ դեսպանությունների, նաև իրենց համար սեպտեմբերի վերջից սկսած սա թիվ մեկ խնդիրներից է։
«Կան, իհարկե, ձեռքբերումներ, երբ ճանաչվել է Արցախի անկախությունը կամ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, բայց դրանք հիմնականում այսօրվա դրությամբ տեղի են ունենում տեղական ինքնակառավարման և տեղական մարմինների մակարդակով, ինչը մենք համարում ենք կարևոր ատրիբուտ ապահովելու հետագա զարգացումները։
Կան նախնական պայմանավորվածություններ, բավական լուրջ քննարկումներ որակական ավելի բարձր ակտեր իրականացնելու համար, բայց ես այսօր չէի ուզի հնչեցնել»,- ասաց Ա.Ադոնցը։
Նա նաև նշեց, որ ահաբեկչության, մարդու իրավունքների խախտումների առումով ՀՀ ԱԳ նախարարության կողմից պատրաստվել են առանձին զեկույցներ, որոնք նորացվում են ամեն օր, հենց այդ զեկույցների հիման վրա էր, օրինակ, վերջերս Մարդու իրավունքները հանձնակատարն արեց իր հայտարարությունը, հայտնեց կարծիքը։ Ա.Ադոնցը վստահ է՝ կունենանք շոշափելի արդյունքներ. «Նկատի ունեմ օբյեկտիվ գնահատական, համապատասխան իրավական ակտեր»։
«Արդյունքները կլինեն, բայց չեմ կարող խոստանալ կամ հնչեցել, որ կարող է լինել այսօր կամ վաղը, մի փոքր ժամանակ է պետք դրա համար»,- ասաց ԱԳ փոխնախարարը։
Հարակից հրապարակումներ`
- Կանադայի Լավալ քաղաքը ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը
- Շվեյցարիա-Հայաստան բարեկամության խումբ. Բնակչության պաշտպանությունը պահանջում է ճանաչել ԼՂ անկախությունը, ինչպեսարվել է Կոսովոյի դեպքում
- Իտալիայի Կարբոնյանո համայնքը ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը
- Իտալիայի Լոմբարդիա տարածաշրջանը ճանաչել է Արցախի անկախությունը
- Կոչ ենք անում ճանաչել Արցախի անկախությունը և նրա ինքնորոշման իրավունքը. Հենրիխ Մխիթարյան
- Իտալիայի Չերքիարա դի Կալաբրիա քաղաքը ճանաչել է Արցախի անկախությունը
- ԱՄՆ Գլենդել քաղաքը ճանաչել է Արցախի անկախությունը
- Գվատեմալայի Սայախչե քաղաքը ճանաչել է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը
- Կանադահայերը Օտտավայի խորհրդարանի մոտ պահանջել են ճանաչել Արցախի անկախությունը
- Ավստրալիայի Ռայդ քաղաքը կոչ է արել Դաշնային իշխանություններին ճանաչել Արցախի Հանրապետությունը
- Ադամ Շիֆը ԱՄՆ-ին կոչ է արել ճանաչել Արցախի Հանրապետությունը