Այդ ե՞րբ է պատերազմի ժամանակ որևէ հարցի դիվանագիտական լուծում լինում. Շավարշ Քոչարյան
«Երբ պատերազմ է գնում, ակնկալել, որ ինչ-որ մեկը պատժելու է, և այլն, և այլն..., ինձ թվում է՝ հիմա պետք է կենտրոնանալ մի բանի վրա՝ հաղթանակ։ Մնացածն, իհարկե, պետք է։ Աշխատանքը կատարվում է, կկատարվի՝ նաև հաղթանակից հետո, քանի որ տարբեր ռազմական հանցագործություններ են կատարվել»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է գնահատում միջազգային հանրության արձագանքը՝ Արցախում սանձազերծված թուրք-ադրբեջանական ագրեսիային։
Հարց. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 21-ին ասել էր, որ այս փուլում Արցախի հարցը դիվանագիտական լուծում չունի, հիմա կա՞ դիվանագիտական լուծում։
Շ. Քոչարյան. Այդ ե՞րբ է պատերազմի ժամանակ որևէ հարցի դիվանագիտական լուծում լինում։ Ակնհայտ է՝ քանի կան ռազմական գործողություններ, մեր խնդիրը ռազմի դաշտում է։
Հարց. Այս պահին դիվանագիտական հարթակներում իրավիճակն ինչպե՞ս եք գնահատում։ Եվ Ռուսաստանի հետ աշխատանքներն ի՞նչ մակարդակի են՝ հատկապես վարչապետի նամակից հետո։ Եվ իշխանական թևը հայտնում է, որ խորհրդակցություններ են ընթանում, կմեկնաբանե՞ք՝ ո՞վ է մասնակցում այդ խորհրդակցություններին։
Շ. Քոչարյան. Այս հարցը անվտանգությանն է վերաբերում, Ձեզ թվում է՝ ռազմական դրության ընթացքում ես պետք է ասե՞մ՝ ով է խորհրդակցում, ո՞ւմ հետ, կամ ի՞նչ են պայմանավորվել։ Դիմումը եղել է, կարդացեք երկրորդ հոդվածը, որտեղ ասվում է՝ պետք է կոնսուլտացիաներ լինեն և կողմերը պետք է համատեղ ջանքեր գործադրեն... վերջ։ Դրանից ավելի ոչինչ ասել չեմ կարող։ Ինչ-որ պետք է, արվում է։
Հարց. Մենք խոսում ենք հաղթանակի մասին, և ո՞րն է այդ հաղթանակը։
Շ. Քոչարյան. Հաղթանակն այն է, երբ հակառակորդը պարտվում է։