Նոյեմբերի 5-ը Հետախույզի օրն է
Զինված ուժերի տոնացույցում նոյեմբերի 5-ը նշվում է որպես Հետախույզի օր։ Այս տարի նշվում է հետախուզության զորքերի կազմավորման 28-րդ տարեդարձը։
Զինված ուժերի հետախուզության ստորաբաժանումներն անցել են կազմավորման ու կայացման դժվարին ճանապարհ: Արցախյան հերոսամարտի տարիներին հետախուզության ստորաբաժանումները պատվով կատարել են առաջադրված խնդիրները, և բազմաթիվ հետախույզների սխրանքի ու հերոսության շնորհիվ է նաև կերտվել մեր հաղթանակը:
Անցնելով պատերազմի հորձանուտով` հատուկ նշանակության ստորաբաժանումները կոփվել են, թրծվել, կատարել բազմաթիվ մարտական խնդիրներ: Այդ ճանապարհով անցած շատ զինծառայողներ այսօր էլ շարքում են և իրենց ավանդն են ներդնում հայրենիքի պաշտպանության սուրբ գործում:
Ավելի վաղ պաշտպանական գերատեսչությունից հայտարարել էին, որ պատերազմական տարիներին ձևավորված ստորաբաժանումների անձնակազմերը բանակաշինությանը համաքայլ կատարելագործել են իրենց մարտավարամասնագիտական տեսական գիտելիքներն ու գործնական հմտությունները, հարստացվեց ուսումնական և նյութատեխնիկական բազան:
Արձանագրված ձեռքբերումներով ու նվաճումներով ԶՈւ հետախուզությունն այսօր կայացած կառույց է և իր կարևորագույն տեղն է զբաղեցնում մյուս զորատեսակների շարքում: Զինված ուժերի հետախուզական ստորաբաժանումները հմտորեն շարունակում են իրենց չափազանց կարևոր գործը և օրստօրե կատարելագործում են մարտական պատրաստվածությունն ու վարպետությունը: