Նախատեսում ենք Իրանի հետ ազատ առևտրի համաձայնագրի ուղղությամբ աշխատանքներ սկսել. նախարար
«2021 թվականին ուժի մեջ կմտնի ԵԱՏՄ անդամ երկրների և Սերբիայի միջև ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիրը։ Այստեղ առանձնահատկությունն այն է, որ մինչ այժմ ԵԱՏՄ անդամ երեք երկրներ՝ ՌԴ, Բելառուս, Ղազախստան, արդեն իսկ ունեին ազատ առևտրի երկկողմ համաձայնագիր Սերբիայի հետ»,- խորհրդարանում 2021 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը։
Նախարարի խոսքով, եկող տարի կնքվելիք համաձայնագիրը Հայաստանին հնարավորություն է տալիս, միանալով արտոնյալ ռեժիմին, ստեղծել ավելի բարենպաստ պայմաններ Սերբիայի տարածքում առևտրի համար։
Բացի այդ, ըստ Տիգրան Խաչատրյանի, համաձայնագրով Հայաստանի համար առավել բարենպաստ ռեժիմ է սահմանվելու, հատկապես այն ապրանքատեսակների գծով, որոնցով առանձնապես մրցունակ է ՀՀ տնտեսությունը։ Այդ ապրանքներից են, օրինակ, ալկոհոլային խմիչքները։
«Երկրորդ ուղղությունը, որը 2021-ին կտա շոշափելի արդյունքներ, այն է, որ ուժի մեջ կմտնի ԵԱՏՄ-ի և Սինգապուրի միջև ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիրը, ինչպես նաև Հայաստանի և Սինգապուրի միջև ծառայությունների, առևտրի և ներդրումների մասին համաձայնագիրը։ Այստեղ առանձնահատկությունն այն է, որ 4858 ապրանքների մասով նախատեսվում է մաքսատուրքի 0% դրույքաչափի կիրառում, իսկ Սինգապուրը համաձայնագրով պարտավորվել է առհասարակ մաքսատուրք չկիրառել ԵԱՏՄ ծագման ապրանքների ներմուծման համար»,- ներկայացրեց նաարարը։
Երրորդ կարևոր հարցը, ըստ Տիգրան Խաչատրյանի, այն է, որ 2021-ին ակտիվորեն կշարունակվեն Եգիպտոսի հետ ազատ առևտրի վերաբերյալ համաձայնագրի ուղղությամբ աշխատանքները։
Նախարարի խոսքով, նախատեսվում է այդ համաձայնագիրը հասցնել ստորագրման աստիճանի։
«2021-ին նախատեսում ենք Իրանի հետ աշխատանքներ սկսել՝ ազատ առևտրի համաձայնագրի ուղղությամբ։ Մեր նախորդ համաձայնագիրը կոչվում է «Առևտրի ժամանակավոր համաձայնագիր», այնտեղ մաքսատուրքերն ամբողջությամբ զրոյացված չեն, բազմաթիվ ապրանքատեսակների գծով մաքսատուրքերի ¾ մասը նվազեցված է, այնուամենայնիվ, որոշ չափով դրանք պահպանվում են։ Իսկ այս նոր համաձայնագրով մենք կունենանք ավելի ազատականացված առևտրի հնարավորություն»,- ներկայացրեց էկոնոմիկայի նախարարը։
Հարակից հրապարակումներ`
- Անցած ութ ամիսներին ԵԱՏՄ պետությունների հետ ապրանքաշրջանառության կրճատում չենք ունեցել. նախարար
- 2021-ի բյուջեից արդարադատության նախարարությանը կտրամադրվի 20 մլրդ 663 մլն 985 հազար դրամ