Արցախի ՄԻՊ-ը իսպանացի պատգամավորին ներկայացրել է Արցախում ստեղծված հումանիտար աղետի հետևանքները
Արցախի մարդու իրավունքների պաշտպանի ֆեյսբուքյան էջում տեղեկություն է տարածվել Արտակ Բեգլարյանի և Իսպանիայի պատգամավոր Ջոն Ինիարիտուինի հանդիպման մասին:
«Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը նոյեմբերի 5-ին ընդունել է Արցախ այցելած՝ Իսպանիայի Պատգամավորների կոնգրեսի անդամ Ջոն Ինիարիտուին և մի խումբ արտասահմանյան լրագրողների:
Պաշտպանը նրանց է ներկայացրել ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար աղետի հետևանքները, ինչպես նաև Մարդու իրավունքների պաշտպանի փաստահավաք առաքելության ընթացքում հավաքագրված փաստերը՝ Ադրբեջանական զինված ուժերի վայրագությունների և պատերազմական հանցագործությունների վերաբերյալ:
Պաշտպանն ընդգծել է, որ տարիների ընթացքում Ադրբեջանի կողմից Արցախի մեկուսացումը և միջազգային հանրության խրախուսող անգործությունն այդ ուղղությամբ Ադրբեջանի համար անպատժելիության մթնոլորտ են ձևավորել: Ադրբեջանը բացահայտ թիրախավորում է քաղաքացիական բնակավայրերն ու խաղաղ բնակչությանը, անմարդկային վերաբերմունք է ցուցաբերում հայ ռազմագերիների ու դիակների նկատմամբ՝ վստահ լինելով, որ միջազգային հանրությունը կրկին համարժեք չի արձագանքելու այդ պատերազմական հանցագործություններին: Ուստի, անհրաժեշտ է, որ միջազգային կազմակերպություններն ու իրավապաշտպան համայնքն օր առաջ ներկայացված լինի Արցախում և լիարժեքորեն իրականացնի մարդու իրավունքների պաշտպանության իր առաքելությունը:
Իսպանացի պատգամավոր Ջոն Ինիարիտուն նշել է, որ աջակցում է Արցախի ժողովրդի պայքարին և պատրաստակամություն է հայտնել Իսպանիայում և ԵՄ տարբեր քաղաքական հարթակներում բարձրաձայնելու Արցախի ժողովրդի իրավունքների անվերապահ պաշտպանության անհրաժեշտության մասին»,- ասվում է տարածված հաղորդագրության մեջ:
Հարակից հրապարակումներ`
- Իսպանացի կոնգրեսականը Ստեփանակերտից․ Միջազգային հանրությունը պետք է արագ գործի՝ խուսափելու նոր ցեղասպանությունից
- Արտակ Բեգլարյանը՝ դիվանագետներին ու իրավապաշտպաններին. Ինչո՞ւ Արցախ չեք այցելում
- Արտակ Բեգլարյան. Ադրբեջանի կողմից վնասվել են Արցախի դպրոցների 27-28 տոկոսը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին