Խնդիրը լուծվում է ռազմի դաշտում. Շավարշ Քոչարյան
«Խնդիրը լուծվում է ռազմի դաշտում, որը ենթադրում է մեր համախմբվածությունը, նպատակային աշխատանքը, ներքին համերաշխությունը հանուն հաղթանակի»,- Աժ մշտական հանձնաժողովների նիստում հայտնեց ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը:
Նա նշեց, որ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամ երեք պետությունների առաջին դեմքերը՝ Վլադիմիր Պուտինը, Էմանուել Մակրոնը և Դոնալդ Թրամփը կոչ են արել դադարեցնել պատերազմը , սակայն արդյունք չի եղել, ինչից էլ հետևել է իր այդ համոզմունքը, որ խնդիրը կարող է լուծվել միայն ռազմի դաշտում:
Նրա խոսքով, 90-ականներին ռազմի դաշտում մենք ունեցել ենք շատ ավելի ծանր իրավիճակ, բայց արդյունքը եղել է մեր օգտին՝ շնորհիվ համախմբվածության, նպատակային առաջ գնալուն, խուճապային խոսակցությունների բացակայությանը, որը կար Ադրբեջանում:
«Այն պահին, երբ որ որևէ պետությունում իշխի խուճապային տրամադրություններ, ներքին խժդժություններ սկսվեն, այդ պետությունը շատ արագ պարտվելու է»,- նկատեց ԱԳ նախարարի տեղակալը և հավանական համարեց, որ 90-ականներին Ադրբեջանում տեղի ունեցածը կրկնվի նաև այսօր:
Անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի գործողություններին՝ Շավարշ Քոչարյանը շեշտեց, որ ՄԱԿ-ը և ԵԱՀԿ-ն եռանախագահներին չեն տվել պարտադրելու մանդատ, նրանց մանդատը միջնորդ լինենլն է:
Ըստ ԱԳ փոխնախարարի, Մինսկի խմբի առաքելության մեջ է մտնում նաև ռազմական գործողությունների վերսկսում թույլ չտալը, բայց չունի մանդատ այն պարտադրելու, որն էլ հիմնական խնդիրն է:
Շավարշ Քոչարյանը արձանագրեց, որ Ռուսաստանի հետ ունենք իրավապայմանագրային բազա, մասնավորապես՝ ՀՀ-ում ռուսական ռազմաբազայի տեղակայման վերաբերյալ, որը կարևոր փոփոխության է ենթարկվել 2011 թվականին: Մինչ այդ պայմանագրում նշված էր, որ ռուսական զինուժի հետ համատեղ գործողություններ կարող են արվեն նախկին ԽՍՀՄ սահմաններին ոտնձգություն լինելու դեպքում, իսկ նոր փոփոխությամբ այդ դրույթը հանվել է, ինչը նշանակում է, որ ՀՀ ողջ սահմանների երկայնքով կատարվող ոտնձգություններին կարող են համատեղ պատասխանել:
Անդրադառնալով 1997 թվականի հայ-ռուսական համաձայնագրին՝ փոխնախարարը նկատեց, որ նրա երկրոդ կետը խոսում է ագրեսիայի վտանգի, իսկ երրորդ կետը՝ անմիջական ագրեսիայի մասին:
Շավարշ Քոչարյանի խոսքով, եթե ագրեսիա կա, ապա Հայաստանը պետք է առաջինը դիմի ՄԱԿ-ին և համապատասխան հոդվածով նշի, որ դիմում է ինքնապաշտպանության, դրանից հետո նոր միայն դիմի դաշնակիցներին:
ԱԳ փոխնախարարը նկատեց, որ ներկայիս ԱԹՍ-ների հարվածների և այլ տեխնիկայով ռմբակոծման դեպքերը ագրեսիա որակելը կախված է քաղաքական որոշումից, բայց ագրեսիայի վտանգ միանշանակ կա, այդ պատճառով էլ ՀՀ վարչապետը ՌԴ-ին դիմել է երկրորդ հոդվածի շրջանակներում խորհրդակցություններ անցկացնելու համար: