ՊՆ ներկայացուցիչ. Վարձկաններն ու դիվերսանտները վերջին օրերին որևէ տեղ որևէ կերպ չեն կարողանում առաջանալ
«Երեկ ողջ գիշեր մարտերը շարունակվել են, ոչ մի րոպե չեն դադարել։ Չնայած դրան, ակտիվությունը մի փոքր նվազել է»,- տեղեկատվական կենտրոնում ամփոփելով ռազմաճակատում օրվա ընթացքում տեղի ունեցած իրադարձությունները՝ հայտարարեց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
Նա մանրամասնեց, որ թշնամու դիվերսիոն խմբերը գտնվում են Շուշի քաղաքի մերձակա անտառներում, համայնքներում, ձորակներում, ճանապարհներին և այլուր, փորձում են լուծել որոշակի խնդիրներ։
Առավոտյան մարտերը եղել են ավելի թեժ՝ հրետանու կիրառությամբ, օրվա ընթացքում ադրբեջանական զինված ուժերը հյուսիսում, կենտրոնական ուղղությամբ, Կարմիր շուկայի հատվածում, հարավային ուղղությամբ փոքր գրոհող խմբերով ու նվազագույն զրահատեխնիկայով հրետանու կրակի աջակցությամբ փորձել են առաջ գալ, սակայն հետ են շպրտվել՝ կրելով որոշակի կորուստներ։
«Ինչ վերաբերում է Շուշի քաղաքի հարակից տարածքներում դիվերսիոն խմբերին, ապա վերջիններս հանդիպելով մեր զինված ուժերի տարբեր ստորաբաժանմուների դիմադրությանը, տարբեր հանգուցային կետերի պահակակետերին, երկարատև մարտերի չեն բռնվում։ Օրվա ընթացքում հաջողվել է մի քանիսին օղակել ու ոչնչացնել, կորուստներ պատճառելով հետ շպրտել տվյալ բնագծերից»,-ասաց նա։
Արձագանքելով Ադրբեջանի նախագահի հայտարարությանը, թե ադրբեջանական զինված ուժերը հարձակում են կատարում Շուշիի վրա, Ա. Հովհաննիսյանը հիշեցրեց՝ ցանկացած պատերազմում հարձակվողներին չեն փնտրում, հարձակվողները գալիս են։
«Այս պահին էլ մարտերը շարունակվում են։ Կարծում եմ, այս գիշեր էլ կլինի անցած գիշերվա պես։ Ես երեկ Արցախում էի, որոշակի ակտիվություն պահպանում էր հրետանին։ Դիվերսիոն խմբերի ոչնչացնողները, այսպես ասած՝ անտառները մաքրողներն իրենց գործը շարունակում էին»,- ասաց նախարարության ներկայացուցիչը։
Բանախոսը հայտարարեց, այն բոլոր դիվերսանտները, վարձկանները, ահաբեկիչները, որոնք ձգտում են նոյեմբերի 9-ին՝ ադրբեջանական դրոշի օրը, ձևական հաղթական ցուցադրության, այն է՝ որոշակի տեղերում ներկայացնել ադրբեջանական դրոշը, բարձրացնելու ադրբեջանական զորքի ու վարձկանների ոգին, որոնք վերջին օրերին որևէ տեղ որևէ կերպ չեն կարողանում առաջանալ, դատապարտված են։
Հովհաննիսյանի խոսքով, յուրաքանչյուր ոչնչացված դիվերսանտի ծոցագրպանում Ադրբեջանի դրոշ կա։
«Սա հատուկ Ալիևի մտահղացումն է, թե Էրդողանի, բայց մի բան պարզ է, վարձկանները, ադրբեջանական զինված ուժերի ծառայողներն իրենց փոքր խմբերով չեն հաջողելու, որովհետև Շուշին ու հարակից բնակավայրերի բնակիչները զենքը ձեռքերին պաշտպանում են իրենց բնակավայրերը։ Այո, մարտերը շարունակվում են, բայց վիճակը օրհասական չէ։ Կան դժվարություններ՝ լոգիստիկ, տեխնիկական, բայց գյոռբագյոռ օպերացիան շարունակվում է, այդ անտառները, ձորակները դառնալու են իրենց համար դժոխք»,- ասաց ՊՆ ներկայացուցիչը։
Հարակից հրապարակումներ`
- ANNA News. Շուշի. Հին քաղաքում ժնևյան համաձայնություններից որևէ մեկը չի գործում
- Շուշի բերդաքաղաքն անառիկ պահելու համար գործադրվում են բոլոր հնարավոր ջանքերը. Արցախի նախագահ
- Վարդան Ոսկանյանը բացատրում է «գյոռբագյոռ» բառը
- Գյոռբագյոռ-2020-ը շարունակվելու է. ՊՆ ներկայացուցիչ
- Շուշիի ուղղությամբ գրոհի պատրաստվող խմբավորման ոչնչացումը. գործողություն #գյոռբագյոռ
- «Գյորբագյոր».Շուշիում ադրբեջանավարձկան ջոկատների ոչնչացման ռազմագործողության նոր անվանումը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին