Վարձկաններն իրենց ցուցմունքում ասել են՝ Ադրբեջանը խմբի անդամներին դեղահաբեր են բաժանել․ Վազգեն Ավետիսյան
Այս պահին ունենք ազգությամբ արաբ, Սիրիայի Արաբական հանրապետության երկու քաղաքացի և նրանց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված է կալանավորումը։ Այսօր մամուլի ասուլիսի ընթացքում հայտնեց Քննչական կոմիտեի քրեագիտական վարչության պետ Ռաֆայել Վարդանյանը։
ԱԱԾ Քննչական դեպարտամենտի պետի տեղակալ Վազգեն Ավետիսյանն էլ հավելեց,որ մեզ համար կարևոր նշանակության անձիք են՝ ցույց տալու աշխարհին, միջազգային հանրությանը, որ մեր դեմ պատերազմում են վարձկաններ։
«Այո, այս մարդկանց նկատմամբ հատուկ վերաբերմունք և ուշադրություն կա՝ ապահովելու նրանց անվտանգությունը և համապատասխան քայլեր ձեռնարկվել են բացառելու համար ՀՀ-ում արդեն իսկ դատավարական կարգավիճակ ունենալուց հետո որևէ տեսակի միջամտություն։ Նրանց կյանքն ու առողջական վիճակի ապահովումը նույնպես կարևոր են, քանի որ պետք է կենդանի ապացույցներ ունենանք և րենքով սահմանված կարգով կանգնեն ՀՀ դատարանի և աշխարհի առաջ»,- ընդգծեց Ավետիսյանը։
Բանախոսի խոսքով՝ գաղտնիք չէ, որ վարձկաններին քաջալերելու համար բացի նյութական ֆինանսավորումից, ռազմական գործողություններին մասնակցելու համար նրանց որոշակի արգելված հոգեմետ նյութեր են տրամադրվել։
«Այս հանգամանքը նույնպես քննության ընթացքում չի անտեսվել։ Երկու վարձկաններից վերցվել են համապատասխան մազի, մեզի, արյան նմուշներ, նշանակվել են համապատասխան փորձաքննություններ։ Իրենք չեն խոստովանել, որ անձամբ օգտագործել են։ Սակայն ցուցմունք են տալիս՝ մենք չենք օգտագործել, բայց այն անձինք, որոնք վախի զգացում են ունեցել, իրենց ղեկավարի և Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողների կողմից ասվել է, որ կան դեղահաբեր, որոնք վախի դեմ են։ Իրենք տեսել են, որ Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողը բաժանում է վարձկան անդամներին համապատասխան դեղաբեր։ Երկուսն էլ պնդում են, որ բաժանվել են այդպիսի դեղահաբեր»,- ասաց Վազգեն Ավետիսյանը։