Արտաքին քաղաքականության մեջ մեր համար առաջացել է նոր իրողություն՝ ահաբեկչության դեմ պայքարը. Զոհրաբ Մնացականյան
«Մենք տեսնում էինք, որ այդ մարտահրավերը տեղափոխվելու է Հարավային Կովկաս, դա մեզ համար անվտանգության մարտահրավեր է, մարդկային կյանքեր են, բայց դա միայն մեզ չի վերաբերում: Եվ այն, ինչ այսօր տեղի է ունենում Արցախում, մարտի դաշտում, այդ մարտահրավերի դրսևորումն է»,- այսօր ԱԺ-ում 2021 թվականի բյուջեի քննարկման ժամանակ հայտարարեց ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյան՝ նկատելով, որ այդ լրջագույն մարտահրավերը Թուրքիայի ագրեսիվ քաղաքականությունն է:
Նախարարը հայտնեց, որ Հայաստանը շարունակելու է աշխատել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և մյուս գործընկերների հետ, որպեսզի տարածաշրջանում վերականգնի խաղաղությունն ու կայունությունը:
Նրա խոսքով՝ լրջագույն մարտահրավեր է նաև ահաբեկիչների հայտնվելը տարածաշրջանում, որը վտանգ է ոչ միայն տարածաշրջանի համար, այլև դրանից դուրս: Ըստ Մնացականյանի, արտաքին քաղաքականության մեջ գերատեսչության համար առաջացել է նոր իրողություն՝ ահաբեկչության դեմ պայքարը:
Զոհրաբ Մնացականյանը հայտարարեց, որ Արցախի գոյութենական պայքարը եղել և մնում է առաջնային Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ:
«Մենք, իհարկե, պայքարում ենք մեր ուժերով, բայց օգտագործում ենք նաև մեր կապերը, մեր գործընկերային հարաբերությունները մյուս երկրների հետ»,- հայտնեց ԱԳ նախարարը:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին