РБК. Ինչպե՞ս են ոչ հարուստ Հայաստանում ընդունում փափստականներին
РБК-ն մեծ ռեպորտաժով անդրադարձել է Լեռնային Ղարաբաղից Հայաստան տեղափոխված տասնյակ հազարավոր փախստականների խնդրին, նկարագրել, թե որտեղ են ապրում և ինչպես։
«Հոկտեմբերի վերջին ԱՄՆ այցի ժամանակ Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հայտարարեց, որ պատերազմի հետևանքով Լեռնային Ղարաբաղում իրենց տները լքել է 90 հազար մարդ։ Նրանց ավելի քան կեսը, 50 հազարը եկել են Հայաստան, մյուսները, ինչպես հայտնել են աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից, տեղավորվել են ԼՂ առավել անվտանգ բնակավայրերում։ Չճանաչված հանրապետության իշխանության տվյալներով, մինչև պատերազմը այնտեղ ապրում էր մոտ 150 հազար մարդ։
Ղարաբաղից փախստականների հիմա կարելի է հանդիպել Հայաստանի ողջ տարածքում՝ հյուրանոցներում, կիսալքված առողջարաններում, վարչական ու համայնքային շենքերում, համավարակի պատճառով դատարկ դպրոցներում ու մշակութային օջախներում։ Նրանք օգնություն հիմնականում ստանում են ոչ թե պետությունից, այլ հայրենակիցներից։
Փախստականներին աջակցելու հայկական իշխանությունների դերը հիմա բնակվելու տեղ գտնելն է, բայց ծախսերը իշխանությունները չեն հոգում։ Հյուրանոցում ապրելու ծախսը հոգում են տերերը։ Օրինակ Երևանի ամենակենտրոնում գտնվող հինգաստղանի «Մարիոթ» հյուրանոցի 30 համարներ՝ Ղարաբաղից եկած 120 փախստականներ են զբաղեցնում։ Պետությունը չի վճարում նրանց ծախսը, սակայն ինչպես РБК-ին ասել է աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Տաթևիկ Ստեփանյանը, կառավարությունը պատրաստում է որոշում, որով կհոգա փախստականներին աջակցություն ցուցաբերած հյուրանոցների ծախսերի մի մասը։ Նա նաև ասել է, որ փախստականների 90 տոկոսը տեղավորվել են մասնավոր բնակարաններում, ընդ որում հաճախ այնպիսի մարդկանց, որոնց հետ մինչև պատերազմն անծանոթ են եղել»,-գրում է աղբյուրը։
Փոխնախարարը համոզմունք է հայտնել, որ փախստականների մեծ մասը ձմեռը Հայաստանում են անցկացնելու, քանի որ նրանց տները ավերված են։ Շնորհիվ այն բանի, որ ողջ հասարակությունը, սփյուռքը, հասարակական կազմակերպություններն ակտիվորեն օգնում են մարդկանց, պետության վրա զգալի բեռ չի ընկնում։
Թղթակիցն այցելել է Բուժականում, Երևանում ապաստանած փախստականներին, զրուցել նրանց հետ, եղել է Բանգլադեշ թաղամասում գործող «Մեր տուն» ռեստորանում, որի խոհանոցում արցախցի 20 կանայք ժենգյալով հաց են պատրաստում։
Ռեստորանը երկու շաբաթ առաջ սկսել է վաճառել ղարաբաղյան խոհանոցի ուտեստները։
«Ինձ միայն այսօր զանգել են երեք խանութներից ու առաջարկել են սեղան՝ վաճառելու ուտեստներն առանց գինը բարձրացնելու»,-ասել է ռեստորանի տնօրենը, ավելացնելով, որ այդպիսով օրական 200-300 դոլար են աշխատում։ Նախատեսում են գումարը բաժանել փախստականների միջև։
Կանայք խոհանոցում աշխատում են հերթափոխով, 20-30 կին ամեն օր փոխվում են, որպեսզի շատերի զբաղվածության հարց լուծվի։