Նպատակահարմար չէ տոկոսի սուբսիդավորումը, երբ վարկը հասանելի չէ գյուղացուն. Արկադի Խաչատրյան
«Ես միշտ քննադատում եմ, որ այս ուղղությամբ մեր ծրագրերում գերակշռում է տոկոսների սուբսիդավորումը»,- 2021 թվականի բյուջեի քննարկման ժամանակ գյուղատնտեսության ոլորտի ցածր արտադրողականության պատճառներին անդրադառնալիս հայտարարեց Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արկադի Խաչատրյանը:
Նա նկատեց, որ նման ծրագրերը պետք է լինեն, բայց հնարավոր չէ հուսալ, որ այդ ծրագրերով հնարավոր է գյուղատնտեսությունը դարձնել բարձր արտադրողականության, քանի որ գյուղացին վարկունակ չէ:
Արկադի Խաչատրյանը նկատեց, որ շատ դեպքերում բանկերը վարկ չեն տրամադրում, քանի որ գրավի առարկայի, կամ կուտակված պարտքերի բավականին բարձր բեռի խնդիրներ կան: Հետևաբար, ըստ նրա, նպատակահարմար չէ տոկոսի սուբսիդավորումը, երբ վարկը հասանելի չէ գյուղացուն:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորը բարձրացրեց նաև եղած քիչ ծավալի վարկերի արդյունավետության խնդիրը, քանի որ շատ դեպքերում դրանք վերցնում են և օգտագործում սոցիալական նպատակներով:
Արկադի Խաչատրյանի խոսքով, Հայաստանի ազգաբնակչության զգալի մասը ապրում է գյուղում, այդ պատճառով էլ գյուղատնտեսության խթանումը սոցիալական մեծ նշանակություն ունի և պետք է առաջնային զարգացնել վերամշակող արտադրությունը, նոր տեխնոլոգիաներ և գիտելիքներ բերել գյուղ:
Կարևորելով գյուղատնտեսական ապահովագրության համակարգի ներդրումը՝ պատգամավորը նկատեց, որ հաճախ կլիմայական պատճառներով գյուղացին կարող է զրկվել ողջ տարվա եկամուտից և վարկերի սպասարկման խնդիրների առաջ կանգնել: Նրա խոսքով, նման իրավիճակներում գյուղացին միայնակ է մնում իր խնդրի առաջ:
Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը նկատեց, որ կառավարության ընդունած «Գյուղատնտեսության զարգացման ռազմավարության» մեջ մանրամասն վերլուծված է ոլորտի ցածր արտադրողականության պատճառները և դրանց վերացնելուն էլ միտված են բյուջեի ծրագրային միջոցառումները:
Նախարարը հավաստիացրեց, որ նոր տեխնոլոգիաների, որակյալ սերմացուների և տնկիների ներմուծման ուղղությամբ բյուջեում խոսվում է և քայլեր արվելու են: