2021 թվականին 24.6 միլիոն կհատկացվի այլընտրանքային ծառայության ծրագրի համար
«Մեր ընդհանուր բյուջեն կազմում է 210.8 մլրդ դրամ, որից 37.3-ը՝ դեֆիցիտի ֆինանսավորմանն ուղղված ծրագրերի համար է»,- այսօր խորհրդարանում ասաց ՏԿԵ փոխնախարար Վաչե Տերտերյանը՝ անդրադառնալով 2021 թվականի պետական բյուջեի նախագծին։
Փոխնախարարը նշեց, որ աշխատավարձերի համար նախատեսվող գումարը 1.3 մլրդ դրամ է, ինչը 2020 թվականի պետական բյուջեով հաստատված գումարից 51.3 մլն դրամով պակաս է։ Սրա հիմնավորումն այն է, որ աուդիտի ստորաբաժանման և մեկ գլխավոր քարտուղարի տեղակալի հաստիք է կրճատվել. «Այս պարագայում մեր աշխատավարձի ֆոնդի սահմանված ավելացումները տվել են 51.3 մլն դրամ կրճատում»։
2020 թվականի հաստատված պետական բյուջեից 46.4%-ով պակաս է մասնագիտական վերապատրաստման համար նախատեսված գումարը, այն կազմելու է 26.1 մլն դրամ։
Վաչե Տերտերյանի խոսքով, այս ծախսի կրճատման պատճառն էլ հեռավար տարբերակով մասնագիտական ուսուցումների հնարավորության ներգրավվումն է.
«Միգրացիոն ոլորտի հետ կապված մեր ծրագրերը 2.3 մլրդ դրամ են։ Դրանցից ամենախոշորը «Աջակցություն փախստականների ինտեգրմանը» ծրագիրն է»։
Փոխնախարարը հայտնեց, որ 24.6 մլն դրամ նախատեսվել է «Այլընտրանքային աշխատանքային ծառայություն» ծրագրի համար։ Այս գումարի շահառուներն այն երիտասարդներն են, որոնք օրենքով սահմանված կարգով, անցնում են աշխատանքային այլընտրանքային ծառայության.
«Այս գումարը կրկնապատկվում է տարվա ընթացքում, և մենք պահուստային ֆոնդից ենք գումար հատկացնում։ Մենք հաշվարկային հիմքում դնում ենք այն մարդկանց, որոնք արդեն այլընտրանքային ծառայության մեջ են։ Այսինքն՝ հաջորդ զորակոչին այդ թիվն ավելանում է, բայց նաև զորացրում է լինում»։
Տեղական ինքնակառավարման մարմիններին էլ, Վաչե Տերտերյանի խոսքով, հատկացվելու է 64.6 մլրդ դրամ դոտացիա։
«2020 թվականի համեմատ աճ ունենք։ Դա օրենքով սահմանված չափաքանակ է։ Մենք ունենք «Պետական աջակցություն սահմանամերձ համայնքներին» ծրագիր, ինչը շուրջ 37 բնակավայրերի համար է։ Ծրագրին հատկացվում է 800 մլն դրամ»,- նշեց փոխնախարարը։
Հարակից հրապարակումներ`
- 2021թ-ի բյուջեով մարզերին կհատկացվի 65 մլրդ դրամի դոտացիա
- Շրջակա միջավայրի նախարարությանը 2021-ի պետբյուջեից կհատկացվի 8 մլրդ 840 մլն դրամ
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան